Հայաստանում ավարտվեցին ԱԺ ընտրությունները, որոնք, կարելի է ասել, ընթանում էին շատ լարված և ընտրակաշառքների մթնոլորտում։ Այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն է կազմել, իսկ ընդդիմություն են համարվում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, իսկ «Բարգավաճ Հայաստանի» հարցը մնում է անպատասխան՝ կգնա՞ խորհրդարան, թե՞ ոչ։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Քամալյանը։
-Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների արդյունքները։
-Շատ դրական եմ գնահատում, որովհետև ինքս ունեմ քաղաքական համակրանք այս ընտրությունների նկատմամբ, իսկ կշեռքի նժարին դրված էր Հայաստանի ինքնիշխանությունը։ Բնականաբար, կան նաև բողոքներ, որոնք հիմնականում ընտրակաշառքների դեպքերին են վերաբերում։ Պարզ է, որ տոտալ կերպով ընտրակաշառք է բաժանվել. իրավապահ մարմիններն այն, ինչ հասցրել են, կարողացել են դեմն առնել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ երկու կողմն իրար հետ գաղտնի կերպով գալիս են հանցավոր համաձայնության, ինչը շատ դժվար բացահայտելի բան է։ Այս դեպքում աշխատել է 50 և ավելի տոկոս ընտրակաշառքը, և, օրինակ, Սամվել Կարապետյանի ձայների գերակշռող մեծամասնությունը կազմել են ընտրակաշառքով քվեարկածները և հիմնականում Ռուսաստանից եկածները։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում էլ չեմ բացառում ընտրակաշառքը. այստեղ ավելի կոմպակտ է նրա ընտրազանգվածը, դա հիմնականում դաշնակցական պատկերացումներով ազդեցության տիրույթում գտնվող քաղաքացիներն են և, առանց որևէ վիրավորանքի, արցախահայությունն է։ «Բարգավաճ Հայաստան»-ի դեպքում ևս հիմնականում Գագիկ Ծառուկյանի բիզնես լծակներն են և ընտրակաշառքը։ Սա շատ վատ, արատավոր երևույթ է, որը կրկին վերադարձավ ընտրական կյանք, բայց այն պետք է արմատախիլ արվի։ Գործող իշխանությունն ունի 5 տարի՝ բացահայտելու բոլոր ընտրակաշառքի դեպքերը, նույնիսկ նրանք, որոնք մինչև հիմա բացահայտված չեն։ Իրավապահ մարմինները պետք է որքան հնարավոր է շատ բացահայտեն այդ դեպքերը, խստագույնս պատժեն և արմատախիլ անեն ընտրական կյանքից։
2021-ի հետ համեմատած՝ Փաշինյանն ավելացրել է իր ձայների քանակը 50 հազարով. այսինքն՝ Փաշինյանը ստացել է նույն մանդատը (քաղաքական իմաստով եմ ասում), ինչ ստացել էր 2021 թ.-ին, և սա շատ կարևոր է արձանագրել։ Ընդդիմադիր դաշտից ասում են, թե Փաշինյանը մեծամասնություն չի կազմել, և ժողովրդի մեծ մասը նրան մերժել է, բայց մենք մոռանում ենք, որ այնտեղ կան ևս մի քանի ուժեր, որոնք դիրքավորված են եղել Փաշինյանի գաղափարների դաշտում՝ Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը։ Նրա քվեները բացարձակ մեծամասնություն են կազմում, և ուղղակի փորձում են մանիպուլացնել հասարակությանն իրենց պրիմիտիվ դատողություններով։
-Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել. արդյոք ընդդիմությունը դուրս կգա՞ փողոց, թե՞ կբավարարվի միայն վերահաշվարկի դիմումներով ու ՍԴ-ում բողոքարկելով։
-Կարծում եմ՝ բնականաբար վերահաշվարկի կդիմեն, դրանք որոշակի մանր տեխնիկական խախտումների հետ են կապված։ Արդեն Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին (ինչն էլ հենց նրա քաղաքական կարգավիճակն է), հայտարարեց, որ սահմանադրական մեծամասնություն չունի Փաշինյանը, և քաղաքական մշակույթի պատկերացումներից դուրս ոչ պոլիտկոռեկտ հայտարարություն արեց, թե ՔՊ-ից 8 պատգամավոր իրենցով կանեն ու Փաշինյանին կհեռացնեն։ Սա մի կողմ թողնենք, որ պոլիտկոռեկտությունը շրջանցել է այդ երիտասարդը, այլ եկեք արձանագրենք, որ նրանք սրանով հայտարարում են, որ պատրաստվում են գնալ պառլամենտ։ Հետընտրական զարգացումներ ապահովելու համար բավարար քաղաքական պրոդուկտ նրանք չունեն։ Եկեք արձանագրենք՝ երբ է փողոցը պայքար գեներացնում, երբ է կրիտիկական զանգված հավաքվում. երբ որ հասարակության ամենաակտիվ քաղաքական շերտը դուրս է գալիս փողոց, և հասարակության մեծամասնությունն այդ ակտիվի ցուցաբերած պրոցեսների հանդեպ լոյալություն է ունենում: Այն, ինչ եղավ 2018 թ.-ին։ Հիմա, այս պարագայում, դա չկա, և այդ մարդկանց նույնիսկ հանրահավաքներ անելու համար, ինչպես ձայնագրություններից պարզ երևում է, փողով են տանում միտինգների։ Այդ զանգվածով փողոցային պայքար չեն կարող գեներացնել։ Իրականում առողջ ընդդիմությունը, եթե քաղաքականապես զարգացած ընդդիմություն լիներ, պետք է հստակ հաշվարկով գործեր՝ շնորհավորեր Նիկոլ Փաշինյանին, գնար պառլամենտ և սկսեր աշխատել։
-Ըստ Ձեզ՝ սահմանադրական մեծամասնության բացակայությունը որոշակի խնդիրներ կստեղծի՞ գործող իշխանության համար։
-Այո, բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս նախընտրական կամպանիան ցույց տվեց, որ նա կարող է խաղաղության օրակարգով շատ հանգիստ գնալ սահմանադրական հանրաքվեի և լավ քարոզչության դեպքում շատ ավելի մեծ տոկոսներով, խաղաղության միջոցով սահմանադրական հանրաքվեն անցկացնել։ Այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակությունն ուզում է խաղաղություն։
-Ինչո՞ւ ՌԴ-ն չի շտապում շնորհավորել Հայաստանին խորհրդարանական ընտրությունների և դրանցում ՔՊ հաղթանակի համար։
-Ռուսաստանն այստեղ իր պրոքսիներով փորձեց ընտրական պրոցեսի վրա ազդեցություն գործել՝ տոտալ ճնշման ենթարկելով Հայաստանին իր հիբրիդային, կեղծ տեղեկատվական արշավներով, ինչպես նաև փորձեց տնտեսական իր ազդեցությունը բանեցնել հայ արտադրողների ապրանքների վրա՝ սահմանափակումներ դնելով։ Նույնիսկ սպառնալիքներ հնչեցին Հայաստանի հանդեպ այդ ռուս պրոպագանդիստների կողմից։ Եվ նաև, բնականաբար, Ռուսաստանից Հայաստան գործուղեցին այնտեղ ապրած, ձևավորված միլիարդատեր մարդու, որը, բնականաբար, եկել էր Հայաստան՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու։ Եվ հիմա այդ մարդիկ պարտություն են կրել. Ռուսաստանը, բնականաբար, միանգամից չի վերցնելու ու շնորհավորի Նիկոլ Փաշինյանին։ Փորձում է նաև ժամանակ շահել, բայց ինձ թվում է՝ մի քանի օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, Պուտինը որոշակի մեկնաբանություններով փորձելու է կասկածի տակ դնել լեգիտիմությունը, սակայն ամեն դեպքում կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին։ Քանի որ Ռուսաստանը մեծ պետություն է և հասկանում է, որ եթե ինքը փորձում է իր ազդեցությունը որոշակիորեն պահպանել Հայաստանում, պարտավոր է աշխատել ընտրված իշխանությունների հետ։
Լիլիթ Աբրահամյան
