Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններում 20։00-ից հետո զինծառայողների՝ ժամը 20։00-ից հետո քվեարկելու դեպքերին։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԳՇ պետը վստահեցրել է, որ դա իրականացվել է օրենսդրության սահմաններում։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։ Ի պատասխան հարցին, Ասրյանը նշել է, որ Զինվորները քվերակել են օրենսդրության սահմաններում։ Հաստատել է նաև, որ զինծառայողները ընտրատեղամասում են եղել սահմանված ժամին։
«Մեր զինծառայողներն ընտրական տեղամասի տարածքում են եղել սահմանված ժամին, այսինքն՝ ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս։»,-ընդգծել է Ասրյանը։
Նախօրեին, ասուլիսի ընթացքում, այս թեմայի մասին խոսեց նաև ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է եղել ընտրատեղամասերում աշխատանքի դանդաղ կազմակերպման հետ։
«Երեկոյան 20։00-ից շուտ զինվորները եղել են ընտրատեղամասի դռան դիմաց՝ սպասելով իրենց հերթին, և այստեղ առաջացել է խնդիր՝ կամ փակել ընտրատեղամասի դուռը զինվորականների համար և չթողնել, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ընտրելու իրավունքը, կամ նրանց ներս թողնել»,-նշել է Հովակիմյանը՝ շեշտելով, որ այդ զինվորականները վաղուց սպասելիս են եղել ընտրատեղամասերի դիմաց և չեն կարողացել պարզապես ներս մտնել՝ պայմանավորված ընտրատեղամասում առկա հերթերով։
Հովակիմյանի խոսքով, նման խնդիր եղել է 2 ընտրատեղամասում։