Երեկ Հայաստանում տեղի ունեցան ԱԺ խորհրդարանական ընտրությունները։ Ըստ նախնական արդյունքների՝ մեծամասնություն է կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրությունները հայտնվել են նաև միջազգային ուշադրության կենտրոնում. Կրեմլը, Դմիտրի Պեսկովի խոսքով, սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը և հաշվի է առնում խախտումների վերաբերյալ հաղորդագրությունները։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Պեսկովի հայտարարությունը։
-Սա, բնականաբար, կմեկնաբանեմ փիլիսոփայորեն՝ ինչ ուզում են՝ սպասեն կամ չսպասեն, հետևեն կամ չհետևեն։ Ամբողջ աշխարհն է հետևում, իրենք իրենց ո՛չ հետևելով են զարմացնում, ո՛չ էլ չհետևելով։ Շարժվում ենք առաջ՝ անկախ նրանից, թե այնտեղ ինչ են ասում կամ ինչ չեն ասում։
-Ինչո՞ւ ՌԴ-ն չի շտապում շնորհավորել Հայաստանին խորհրդարանական ընտրությունների և դրանցում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ։
-Որովհետև Ռուսաստանը բավականին ցավոտ ապտակ է ստացել, և դա իրեն թույլ չի տալիս, որպեսզի կարողանա հաղթահարել արձանագրային պահանջի ընկալումը և, այնուամենայնիվ, անել այն, ինչ բխում է միջպետական հարաբերությունների տրամաբանությունից։ Դրա փոխարեն մենք ստանում ենք Մարիա Զախարովայի ինչ-որ անհոդաբաշխ խռխռոցները պատժիչ գործողությունների մասին։ Իսկ դրանք եղել են այն, որ կաշառատվության դեպքերը կասեցվել են, և հարուցվել են քրեական գործեր, կարծես թե, ի նշան իրենց նկատմամբ հարգանքի, դա պետք է չարվեր։ Մենք գործ ունենք միանգամայն աբսուրդային, անհասկանալի մղումների ու դիրքորոշման հետ։ Պետք է այդ ամենին փիլիսոփայորեն վերաբերվենք. ընդհանրապես կշնորհավորե՞ն Հայաստանին այս ընտրությունների կապակցությամբ՝ լավ, չե՞ն շնորհավորի՝ էլի լավ, գուցե և ավելի լավ։
-Զախարովան էլ իր հերթին է հայտարարել, թե ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում: Կիսո՞ւմ եք նրա տեսակետը։
-Մի բան կասեմ՝ Մարիա Զախարովայի տեսակետը կարող ենք կիսել միայն բազմապատկման աղյուսակի վերաբերյալ, ուրիշ ոչ մի հարցում։ Հետևաբար, ինչի՞ մասին է խոսքը։ Մարիա Զախարովան ասում է այն, ինչ իր կողմից ներկայացված «բանդայի» շահերից է բխում, և դա որևէ կապ չունի իրականության ու Հայաստանի շահերի հետ։
-Ինչո՞ւ է ՌԴ-ն քննադատական, եթե, այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերը պրոռուսական են։
-Որովհետև Ռուսաստանի ծրագրերը չեն իրականացնում. Ռուսաստանը Հայաստանին որպես պետություն չի էլ դիտարկում, այլ որպես ժամանակավորապես կորցրած տարածք։ Իսկ այս ընտրությունները դիտարկում է որպես հնարավորություն՝ այդ կորուստը հետ բերելու համար։ Չստացվեց, դրա համար մենք լսում ենք այս անհոդաբաշխ ոռնոցը։
-Ինչո՞ւ արևմտամետ ուժերին այս անգամ էլ չհաջողվեց անցնել խորհրդարան։
-Չստացվեց, որովհետև ռուսական հիբրիդային ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության ընտրողներն այլ օրակարգով և շարժառիթներով առաջնորդվեցին։ Այդ հիբրիդային ագրեսիան ձևախեղեց ընտրությունների համատեքստը, և դա էլ հանգեցրեց այս արդյունքին։ Մյուս կողմից էլ, իհարկե, պատճառները նաև մեր մեջ են, որ այս թևում պատշաճ մոտեցում չցուցաբերվեց, որպեսզի տեղի ունենար կոնսոլիդացիա (համախմբում)։ Չնայած մեր քաղաքական ուժն արեց առավելագույնը դրա համար և միակն էր, որ չէր առաջնորդվում կուսակցական էգոիզմով, բայց դա երկկողմանի երթևեկություն է։
Այնպես որ, ստացվեց այն, ինչ ստացվեց, բայց մենք հասկանում ենք, որ պայքարը դեռ առջևում է։ Հայաստանն ուղղակի հետ է մղել հարձակումը, բայց ռուսները մեզ հանգիստ չեն թողնելու. պայքարը շարունակվում է և շարունակվելու է, իսկ մենք լինելու ենք, ինչպես և եղել ենք, այդ պայքարի առաջնագծում։ Կյանքը շարունակվում է։
Լիլիթ Աբրահամյան
