«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ Դանիելյան


Քաղաքականություն


ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում։

Սակայն թվերն ու քաղաքական իրողությունները խոսում են այլ բանի մասին։

Պետական ամբողջ ռեսուրսի, տեղեկատվական գերակայության, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների և քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը չկարողացավ ապահովել ոչ սահմանադրական մեծամասնություն, ոչ էլ ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը։

Սա պարզապես ընտրական արդյունք չէ․ սա քաղաքական գնահատական է։

Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին գործող իշխանությունը կորցրել է իր դիրքերը Երևանի և Գյումրու նման առանցքային քաղաքներում, ինչը վկայում է հանրային տրամադրությունների էական փոփոխության մասին։

Ուստի այս արդյունքը դժվար է չդիտարկել որպես ռազմավարական անհաջողություն։

Ավելի ճիշտ կլինի այն բնութագրել որպես պյուրոսյան հաղթանակ՝ ձևական հաջողություն, որը ձեռք է բերվել քաղաքական վստահության շարունակական նվազման պայմաններում։

Ի վերջո, քաղաքականության մեջ իշխանության պահպանման փաստն ինքնին դեռևս չի նշանակում հասարակական վստահության պահպանում։

Իսկ հասարակության զգալի հատվածի անվստահությունը վաղ թե ուշ վերածվում է նոր քաղաքական գործընթացների և նոր քաղաքական իրողությունների»:


Leave a Comment