Հանձնաժողովները համատեղ նիստում քննարկել են «ՀՀ 2025 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 8-ին քննարկվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Քննարկման առանցքում էին պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի կատարողականները, ԱԳՆ-ին, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները, ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերը, եվրոպական ինտեգրմանն առնչվող հարցերը:

Մինչ բյուջետային փաստաթղթի բովանդակային եւ թվային ցուցանիշներին անդրադառնալը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է քաղաքացիներին նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ հաշվետու տարում ԱԳ նախարարության հաստատված բյուջեն կազմել է 18.1 մլրդ դրամ, ճշտված բյուջեն՝ 21 մլրդ դրամ: Ծախսերը կազմել են 20 մլրդ 961 մլն դրամ: Շուրջ 80 մլն դրամ չի ծախսվել, որը վերադարձվել է պետական բյուջե: Ոլորտում կատարողականը կազմել է 99.6 տոկոս:

«Փաստացի, ճշտված բյուջեն 3 մլրդով ավելի էր հաստատված բյուջեից: Այս ավելացումը կատարվել է նախ Բրյուսելում ՀՀ դեսպանության շենքի ձեռքբերման նպատակով՝ 1.9 մլրդ դրամ, ինչպես նաեւ տարբեր միջոցառումների ավելացման, պակասեցման արդյունքում՝ 0.7 մլրդ դրամ»,- պարզաբանել է նախարարը:

Նշվել է, որ նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 5 բյուջետային հիմնական ծրագիր:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 186 երկրի հետ, 2025 թվականին 3 երկրներ են ավելացել այս ցանկին: Այդ երկրներն են՝ Լեսոթոյի Թագավորությունը, Սողոմոնի Կղզիները եւ Պակիստանը»,- ասել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ ընթացիկ տարում դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել նաեւ Սամոայի հետ:

2025 թվականին ստորագրվել է 127 պայմանագիր, որոնցից 68-ը մտել են ուժի մեջ:

Աշխատանքներ են իրականացվել թվայնացման ուղղությամբ, ինչը շարունակվում է:

Ներկայացնելով արտաքին ոլորտում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները՝ ԱԳ նախարարն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովում ընդունված հռչակագրին՝ ստորագրված ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կողմից, որը որպես ականատես ստորագրել է նաեւ ԱՄՆ նախագահը:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաեւ վերոնշյալ իրադարձությանը հաջորդած մյուս կարեւոր գործընթացները, նշել հաշվետու տարում ընդլայնված ռազմավարական գործընկերությունները: Նախարարի խոսքով հաշվետու տարում հաստատվել է վեց նոր ռազմավարական գործընկերություն: Ընթացիկ տարում եւս գործընթացը շարունակվում է: Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններին՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ամբողջական կարգավորում կարձանագրվի: Նրա տեղեկացմամբ այժմ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ առեւտուր է ընթանում:

«Մաքսային իմաստով է ուղիղ առեւտուր, իսկ աշխարհագրորեն դա դեռեւս տեղի է ունենում երրորդ երկրների տարածքով»,- պարզաբանել է նախարարը:

«Եվրոպական միության հետ ունենք շատ հարուստ եւ աճող օրակարգ: Կարծում եմ՝ քաղաքացիներին հետաքրքրող թիվ մեկ հարցն այստեղ վիզաների ազատականուցումն է: Այստեղ ունենք շոշափելի առաջընթաց, եւ կարծում եմ, որ սահմանված գրաֆիկով մենք բավական արագ ենք ընթանում դեպի վերջնական ազատականացում»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նախարարը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին պետական բյուջեի ծախսային ուղղություններին, Ղազախստանում ՀՀ դեսպանություն ունենալուն, ԵՄ երկրներ գյուղատնտեսական ապրանքներ արտահանելու հարցին եւ այլ թեմաների:

Leave a Comment