ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 8-ին հրավիրված նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի տարեկան հաղորդումը:
Զեկուցողի խոսքով հաղորդման մեջ ամփոփված են հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, գրանցված արդյունքները, վիճակագրական ցուցանիշները եւ ոլորտային մարտահրավերները: Հաշվետու տարում հանձնաժողովի աշխատանքները կենտրոնացված են եղել հանրային ծառայության բարեվարքության համակարգի ամրապնդման, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպման, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ապահովման եւ հակակոռուպցիոն կրթության խթանման վրա: 2025 թվականը հիմնականում ուղղված է եղել նախորդ տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների կիրարկմանը եւ գործող ինստիտուտների կատարելագործմանը:
Հանձնաժողովի գործունեությունը դասակարգվել է չորս հիմնական ուղղությամբ՝ խորհրդատվական եւ մեթոդական աջակցություն, մշտադիտարկում, առերեւույթ խախտումների քննություն եւ իրազեկման աշխատանքներ: Պաշտոնատար անձանց տրամադրվել է համակողմանի խորհրդատվություն վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կառավարման եւ նվերների հաշվառման վերաբերյալ, ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ պաշտոնատար անձանց կողմից նախապես դիմելիության ցուցանիշն աճել է շուրջ 10 անգամ: Իրականացվել է շուրջ 245 ուսումնասիրություն՝ ստացված դիմումների եւ մեդիա մշտադիտարկումների հիման վրա, ինչի արդյունքում հարուցվել է 33 վարույթ: Կրթական բաղադրիչի շրջանակում գործարկված ուսուցման էլեկտրոնային հարթակում ավելի քան 10.000 հանրային ծառայող անցել է վերապատրաստում:
Հայտարարագրման գործընթացի մասով արձանագրվել է հավաքագրված 21.627 հայտարարագիր, որը 7.7 տոկոսով ավեի է 2024 թվականի ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում գրանցված է 6190 գործող պաշտոնատար անձ: Վարչական տույժի ենթարկվելուց հետո հայտարարագիր չներկայացնելու հիմքով Գլխավոր դատախազություն է ուղարկվել 13 հաղորդում, իսկ հայտարարագրերի համալիր վերլուծությունների արդյունքում` եւս 9 հաղորդում` 20 հայտարարատուի առնչությամբ: Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության շրջանակում կիրարկվել են նոր օրենսդրական կարգավորումներ՝ կուսակցությունների վարչական բեռի նվազեցման եւ նպատակային ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ, իսկ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում գործարկվել է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման բաղադրիչը:
Բարեվարքության ուսումնասիրության գործառույթը ընդլայնվել է՝ ներառելով Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին եւ այլ ոլորտային մարմիններին. 2025 թվականին իրականացվել է 650 անձի բարեվարքության ուսումնասիրություն, եւս 103 անձի վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել է ընդհանուր 753 եզրակացություն: Հանձնաժողովը հաղորդման մեջ հատուկ ընդգծել է իր մտահոգությունն այն հանգամանքի վերաբերյալ, որ որոշ դեպքերում անհամատեղելիության խախտումներ արձանագրվելուց հետո պաշտոնատար անձինք շարունակում են պաշտոնավարել, ինչը լրացուցիչ ջանքեր է պահանջում ոլորտային օրենսդրության եւ պատասխանատվության մեխանիզմների հետագա կատարելագործման ուղղությամբ: Մասնավորապես, Դատախազությունում բացասական եզրակացություն ստացած թեկնածուներից նշանակվել են 25 տոկոսը, իսկ առաջխաղացման դեպքում՝ 75 տոկոսը: Քննչական կոմիտեում ծառայողական առաջխաղացման հավակնող թեկնածուների մասով կազմված 8 բացասական եզրակացությունից 5-ի դեպքում (62.5 տոկոս) նշանակում է կատարվել, իսկ ինքնավար պաշտոնի թեկնածուների մասով՝ 24 բացասական եզրակացությունից 8-ի դեպքում (33 տոկոս): Հակակոռուպցիոն կոմիտեն միակ մարմինն է, որտեղ բարեվարքության բացասական եզրակացություն ստացած անձանց նշանակման դեպք չի արձանագրվել:
Զեկուցողն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովն իրականացրել է 661 վարույթ, որոնց 17.4 տոկոսը եզրափակվել է վարչական տույժ նշանակելու որոշմամբ: Մնացած դեպքերում, կանխարգելիչ մանդատի շրջանակում, վարքագծի շտկման պարագայում հանձնաժողովը բավարարվել է բանավոր դիտողությամբ եւ կարճել վարույթը, իսկ մի մասը տարեվերջին գտնվել է ընթացիկ փուլում: Հանձնաժողովի նոր լիազորությունների շրջանակներում մեկնարկել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրումը հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաեւ սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացող եւ պետական մասնակցություն ունեցող կազմակերպություններում:
Հակակոռուպցիոն կրթության ոլորտում հանձնաժողովը շարունակել է ակտիվ վերապատրաստումներ իրականացնել ոստիկանության ծառայողների, համայնքային ծառայողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ԶԼՄ-ների համար: Էլեկտրոնային ուսուցման հարթակը հնարավորություն է տալիս հանրային ծառայողներին ինքնուրույն գրանցվելու եւ անցնելու վերապատրաստումներ: Չնայած հաշվետու տարում որոշ ծրագրեր լիարժեք իրականացնելու սահմանափակումներին՝ հանձնաժողովը, հավատարիմ մնալով իր թվայնացման օրակարգին, ընթացիկ տարվա համար նախատեսել է մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են ապագայում առավել տեսանելի եւ շոշափելի արդյունքների հասնելուն:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Հաղորդումը Պետական-իրավական հարեցրի մշտական հանձնաժողովն ընդունել է ի գիտություն: