ԲՀԿ-ն կպահանջի վերահաշվարկ և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ նախորդ օրվա երեկոյից նկատվել են ԲՀԿ-ի ստացած քվեների վերաբերյալ «թվաբանական աճպարարություններ»։

«Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած»,- գրել է Տոնոյանը։

Նա տեղեկացրել է, որ ներկայումս վերջնականացվում է այն ընտրատեղամասերի ցանկը, որտեղ պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։

Տոնոյանի խոսքով՝ այդ քայլերը չեն բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով, ինչպես նա է պնդում, ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված ընտրախախտումների մեծ ծավալը։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից:

Leave a Comment