Արթուր Օսիպյանը չունի քաղաքացիություն, բայց ընտրել է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Օսիպյանն այսօր իրականացրել է քվեարկություն և մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

«Հետքը» ֆիքսել է նրա մասնակցության փաստը և կարճատև զրույց ունեցել նրա հետ։ Հետագայում Արթուր Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանից հայտնի է դարձել, որ նա չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Թե ինչպիսի ճանապարհով են քաղաքացիություն չունեցող Արթուր Օսիպյանի տվյալները հայտնվել ընտրական ցուցակներում ու ուղարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ, փորձ է արվել հստակեցնել ԿԸՀ մամլո խոսնակ Սեդա Ղուկասյանից։ Ըստ նրա հայտարարության՝ ընտրողների ցուցակների կազմմամբ զբաղվում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ուստի խնդիրը դուրս է ԿԸՀ լիազորություններից։ Քրեակատարողական հիմնարկների ընտրական ցուցակները ԿԸՀ-ին է փոխանցում Արդարադատության նախարարությունը, որն իր հերթին դրանք ստանում է համապատասխան ՔԿՀ-ներից։

Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Մելքումյանը «Հետքին» հայտնել է, որ Արթուր Օսիպյանի քվեարկության գործընթացում արձանագրվել է տեխնիկական խնդիր, ինչի կապակցությամբ իրենք արդեն համապատասխան գրություն են հղել կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Հետք»

Leave a Comment