ՀԷՑ-ը հայտնում է ընտրատեղամասերի անխափան էլեկտրամատակարարման մասին

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն այս պահին ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ։

Այդ մասին տեղեկացվում է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ:

«Հարկ եմ համարում ընդգծելու, որ ՀՀ-ում բոլոր ընտրատեղամասերն այլևս փակված են, և քվեարկությունն արտացոլող քվեաթերթիկները գտնվում են արդեն իսկ կապարականքված քվեատուփերի մեջ։

Ըստ այդմ, առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող՝ ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում։

Հատկանշական է, որ մինչև հնարավոր հոսանքազրկումների վերացնելը, բոլոր դեպքերում ընտրատեղամասերը ապահովված են անհրաժեշտ լապտերներով, պահուստային սնուցման աղբյուրներով, և իհարկե, բոլոր մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ վստահված անձինք, ֆիզիկապես գտնվում են տվյալ տարածքում՝ կապարակնքված քվեատուփերի անմիջական հարևանությամբ։

Հ.Գ. Ներքոհիշյալ ընտրատեղամասերում էլեկտրամատակարարումը վաղուց վերականգնված է»,- նշված է հրապարակման մեջ։

Leave a Comment