
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների օրը Գյումրիում իրավիճակը լարվել է ընդդիմության ներկայացուցիչների շուրջ։ Իրավապահներն ընտրակաշառք բաժանելու կասկածանքով բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի մի շարք աջակիցների։ Այժմ ոստիկանները ներսից կողպել են ակտիվիստների բնակարանի դուռը՝ թույլ չտալով պաշտպանին ներկա գտնվել գործողություններին։
Բերման ենթարկված քաղաքացիների շահերի պաշտպանն ահազանգում է դատավարական նորմերի կոպտագույն խախտման մասին։ Փաստաբանի խոսքով՝ դաշինքի երեք աջակիցներին բաժին տեղափոխելուց հետո ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել նրանց առանձնատուն և ներսից փակել դուռը՝ պատճառաբանելով, թե իրականացնում են դեպքի վայրի պահպանություն։
Պաշտպանական կողմը պնդում է, որ տարածքի պահպանությունը պետք է իրականացվեր բացառապես դրսից։ Փաստաբանին ներս չթողնելը նրա մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել առ այն, որ տանտերերի և նրանց օրինական ներկայացուցչի բացակայության պայմաններում բնակարանում կարող են արհեստական ապացույցներ հայտնվել։ Բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման կապակցությամբ պաշտպանն արդեն հրատապ ահազանգ է հղել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ըստ պաշտպանական կողմի նախնական տվյալների՝ ընդհանուր առմամբ Գյումրիում բերման է ենթարկվել տվյալ քաղաքական ուժի հինգից վեց ակտիվիստ։