ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել բոլոր այն երկրների հետ, որտեղ հնարավոր կլինի ստեղծել հայկական ապրանքների արտահանման նոր հնարավորություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ այս պահին Եվրոպական միությանն անդամակցության հանրաքվեի հարց օրակարգում չկա։
«Քանի դեռ համատեղելի են երկու կազմակերպությունների՝ ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները, մենք շարունակելու ենք այս օրակարգը։ Անհամատեղելի է երկու կազմակերպություններին անդամակցելը, սակայն այն մակարդակի հարաբերությունները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ի հետ՝ որպես անդամ պետություն, և այն հարաբերությունները, որ այսօր ունենք ԵՄ-ի հետ, համոզված ենք՝ համատեղելի են»,- ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել նաև Ռուսաստանի Դաշնության հետ՝ առկա խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով։