«Հայաստան» դաշինքի համակիրների տներում խուզարկություններ են եղել. ըստ դաշինքի՝ կան ձերբակալվածներ

Գյումրիում «Հայաստան» դաշինքի աջակիցների, անդամների տներում իրավապահները խուզարկություններ են իրականացրել, «Ազատության» հետ զրույցում պնդեց քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու Հովիկ Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 7-ից մոտ մեկ տասնյակ իրենց համակիրների, այդ թվում՝ Գյումրիում գործող շտաբներից մեկի պետին տարել են: Սակայն թե որ ուժային կառույց և ինչու, հայտնի չէ, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում:

Իրավապահ կառույցները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել:

Դաշինքն, իր հերթին, հայտարարությամբ շեշտել է, որ նախընտրական շտաբի անդամներին ապօրինաբար են բերման ենթարկում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով՝ որակելով սա ընտրական իրավունքի խախտում:

Հայաստանն այսօր նոր խորհրդարան է ընտրում: «Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև.

Leave a Comment