
Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
«Ազատության» տեղեկություններով՝ նա «Ուժեղ Հայաստանի» չորրորդ համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն է:
Նախօրեին էլ դատախազությունը դիմումներ էր ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: Դիմումները վերաբերում էին Արթուր Աբրահամյանին, Աշոտ Սահակյանին, Սուսան Բադոյանին, Վահե Եղիազարյանին, Հայկ Ավագյանին, Վահե Թավաքալյանին:
Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ին ձերբակալելու որոշում է կայացվել: