ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների ներդրման ավելացման հարցը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և նրա ֆրանսիացի գործընկեր Քեթրին Վոտրինը հանդիպման ժամանակ քննարկել են Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների կողմից Հյուսիսատլանտյան դաշինքում իրենց ներդրման ավելացման հետ կապված հարցեր։ Այս մասին ասվել է պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելի գրավոր հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Հեգսեթը և Վոտրինը խոսել են «ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից եվրոպական մայրցամաքում ոչ միջուկային անվտանգության հիմնական պատասխանատվությունը ստանձնելու անհրաժեշտության մասին՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելով, ռազմաարդյունաբերական համալիրը ամրապնդելով և մարտունակ զորքեր տեղակայելով»։ Փարնելի խոսքով՝ նախարարները «համաձայնության են եկել, որ դաշինքը պետք է արագացնի անցումը ՆԱՏՕ 3.0-ին՝ իսկական գործընկերների, այլ ոչ թե կախյալների դաշինքին»։

Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայում:

Մայիսի վերջին գերմանական Der Spiegel ամսագիրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է զգալիորեն կրճատել իր ներդրումը ՆԱՏՕ-ի գործունեության մեջ և դաշինքին տրամադրել ավելի քիչ մարտական ​​ստորաբաժանումներ և զորքեր։

Leave a Comment