Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Ի՞նչ իրավիճակ է ԱՄՆ-Իրան բանակցություններում. չնայած հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և Իրանը միմյանց հարվածներ են հասցնում։
– Բանակցությունները չեն առկախվել․ սահմանափակ գործողությունները մաս են բանակցություններին։ Չեմ կարծում, որ կողմերը կվերադառնան լայնածավալ պատերազմի։ ԱՄՆ-ում ընտրություններից առաջ Հորմուզի շուրջ կլինի համաձայնություն․ իհարկե, ոչ նախկին դրույթով։ Դիվանագիտական-ռազմական ճնշումների համատեղ գործընթաց է։
– Լիբանանի հարցում ևս կարծես թե չեն կարող գալ համաձայնության։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– ԱՄՆ-ն ու Իսրայելը աշխատում են համակարգված։ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ, որ ճնշում է Իսրայելի վրա, որ կանգնեցնի հարձակումները։ Բեյրութի վրա հարձակումը զսպվեց ԱՄՆ-ով, Իրանի սպառնալիքով՝ որ Բեյրութի հրթիռակոծման դեպքում Իրանն էլ կհարվածի հյուսիսային Իսրայելին։ Համաձայնված հրադադարը չի աշխատում․ այդուհանդերձ, այս պահի դրությամբ Բեյրութի հարավային արվարձանները չեն հարվածվում․ հարավում նույն իրավիճակն է։
– Զելենսկին նամակ է ուղարկել ՌԴ նախագահին՝ խոսելով նաև բանակցությունների մասին։ Արդյոք սա հիմք կդառնա բանակցությունների համար։
– Նման պատրաստակամություն նախկինում ևս դրսևորվել է։ Խոսվում է բանակցվելու մասին, մյուս կողմից՝ թեժանում է իրավիճակը։ Ռուս-ուկրաինական համաձայնության պահը դեռևս չի երևում։
– Ի՞նչ կարելի է ակնկալել ռուս-ուկրաինական ճակատում։
– Գործընթացը վերաբերում է մասնակի կարճաժամկետ հրադադարին, գերիների փոխանակման և հումանիտար խնդիրների լուծմանը, և ոչ թե ընդհանուր համաձայնությանը։
Արման Գալոյան
