Ազգային Ժողովի հերթական ընտրությունների քվեարկության նախորդ օրը, հունիսի վեցին, ինչպես նաև քվեարկության օրը մինչև 20:00-ն նախընտրական քարոզչություն կատարելը արգելվում է։ Նշված ժամանակահատվածում արգելվում է թեկնածուների վերաբերյալ ցանկացած հրապարակում, որը կարող է դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Նշված ժամանակահատվածում արգելվում է նաև սոցիոլոգիական հարցումների հրապարակումները։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։
Նշված ժամանակահատվածում գովազդային վահանակների վրա տեղադրված պաստառները չեն հեռացվում։ Քվեարկության և դրան նախորդող օրը զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչություն առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ զանգվածային լրատվության միջոցի անձի կամ ղեկավարի նկատմամբ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով։ Ուզում եմ տեղեկացնել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ բոլոր նման դեպքերն արձանագրելու է և կայացնելու է համապատասխան որոշումներ։
Քվեարկության նախորդ օրը բոլոր, թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվելու են կահավորման աշխատանքները, և բոլոր այն զանգվածային լրատվության միջոցները, որոնք հավատարմագրվել են ընտրությունները լուսաբանելու համար, ազատ են ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և հետևել կահավորման աշխատանքներին։
Լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչները պարտադիր պետք է ունենաք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված վկայականը՝ հագուստի վերնազգեստի վրա տեսանելի կերպով, նույն կերպ վկայականը պետք է կրի նաև ցանկացած քաղաքացի, որը գտնվում է տեղամասային ընտրական հանձնաժողովում և ընտրող չէ։
Տեղամասային ընտրական հանձնաժողով մտնելուց հետո, անհրաժեշտ է գրանցվել նաև գրանցամատյանում և այնտեղ ֆիքսվում է նաև մուտք գործելու ժամը, հեռանալիս ևս արձանագրվում է դուրս գալու ժամը։
ԶԼՄ ներկայացուցիչը ազատ է տեսանկարահանել և լուսանկարահանել ամբողջ ընտրական գործընթացը, որևէ կերպ չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Չի կարելի տեսա և լուսանկարահանել սարքի տպած կտրոնները, ընտրողների ստորագրված ցուցակները, որոնք պարունակում են անձնական տվյալներ, ինչպես նաև քվեարկության խցիկի ներսը որևէ կերպ չի կարելի տեսա և լուսանկարահանել։ Մնացած ամբողջ ընտրական գործընթացը, բնականաբար, ողջամտության շրջանակում ընտրական գործընթացը հնարավոր է ազատ տեսա և լուսանկարահանել։
Հավատարմագրված ԶԼՄ-ները իրավունք ունեն ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր նիստերին, այդ թվում նաև քվեարկության օրը, առավոտյան յոթի նիստին, երբ որ իրականացվում է հանձնաժողովի անդամների գործառույթների բաշխումը։ Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներն իրավունք ունեն բողոքարկել ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը, անգործությունը, եթե գտնում է, որ խախտվել են զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները։
Զանգվածային լրատվության ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել հանձնաժողովի աշխատանքներին, իրավունք չունեն միջամտել ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների ընդունմանը, միջամտել քվեարկության ընթացքին, օգնելու ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողին, իրականացնելու քարոզչություն, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ և ներկայացնելու պահանջներ։
Քվեարկության ավարտին 20:00-ից հետո քվեարկության սենյակը փակվում է բացառապես ընտրողների առջև։ Բոլոր այն սուբյեկտները, որոնք կարողանում էին ներկա գտնվել քվեարկության սենյակում մինչև 20:00-ն, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչները կարողանում են ներկա լինել նաև 20:00-ից հետո։ Եթե որևէ տեղամասում ձեր մուտքը կխոչընդոտեն, դուք ազատ եք դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։