Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքում առանձին ուղերձներով դիմել է ինչպես Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիներին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել երկրի հասարակական և քաղաքական կյանքին։
Դիմելով Ռուսաստանից Հայաստան եկած անձանց՝ Փաշինյանը նշել է. «Կոչով դիմում եմ ՌԴ-ից եկած մարդկանց։ Ես համոզված եմ, որ ՌԴ-ից եկած բազմաթիվ մարդիկ են այստեղ՝ ձայն տվեք, ցուցադրեք ձեր ներկայությունը, սիրելի հայրենակիցներ»։
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանում ապրող այդ քաղաքացիներն արդեն իսկ հնարավորություն են ունեցել զգալու ազատության մթնոլորտը և պետք է պաշտպանեն այն։
«Իսկ նրանք, ովքեր այստեղ չեն, ուզում եմ ասել հետևյալը. եթե արդեն մի քանի ժամ, մի քանի օր ՀՀ-ում եք, նշանակում է՝ մի քանի ժամ, օր վայելում եք ազատությունը, ուրեմն տեր կանգնեք այն ազատությանը, որը ստեղծել ենք նաև ձեզ համար։ Տեր կանգնեք այն պետությանը, որը նաև ձերն է։ Վերադարձեք, ձեր հայրենիքը սիրում է ձեզ և սպասում է ձեզ»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը հատուկ անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին՝ քննադատելով նախկին քաղաքական վերնախավերին։
«Ղարաբաղի մեր քույրեր և եղբայրներ, Ղարաբաղի և ՀՀ-ի պսևդոէլիտան տասնյակ տարիներ ձեզ պահել են պատանդի կարգավիճակում, այսօր էլ ուզում են ձեզ պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակում»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում արցախահայերը պետք է իրենց զգան ոչ թե ժամանակավոր բնակիչ, այլ լիարժեք քաղաքացիներ և պետության տերեր։
«Մենք ձեզ ասում ենք՝ դուք այստեղ տնվոր չեք, դուք այստեղ տանտեր եք, դուք տանն եք, պետության և հայրենիքի քաղաքացի եք, ՀՀ հպարտ քաղաքացի եք։ Տեր կանգնեք ձեր ազատությանը, քաղաքացիությանը, պետությանը»,- ընդգծել է վարչապետը։
Նա նաև հայտարարել է, որ կառավարությունը երկարաժամկետ ծրագրեր ունի Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների սոցիալական և բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ։
«ՀՀ կառավարությունն առաջիկա 10 տարում պլանավորում է ավելի քան 800 մլրդ դրամ հատկացնել, որ դուք ապրեք, արմատավորվեք ձեր հայրենիքում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետության նպատակը տեղահանված քաղաքացիների համար արժանապատիվ կյանքի և երկարաժամկետ ինտեգրման պայմանների ստեղծումն է Հայաստանի Հանրապետությունում։
