Ընտրակաշառք բաժանող ստահակները չեն կարող վերադառնալ․ Տիգրան Ավինյան

Ընտրակաշառք բաժանող ստահակները չեն կարող վերադառնալ․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի շրջանակներում կայացած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ներկայում առավել քան երբևէ ազատ, անկախ և ինքնիշխան է։

«Այսօր կանգնած ենք Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում՝ ազատ, անկախ, ինքնիշխան՝ առավել քան երբևէ»,- նշել է նա։

Ավինյանի խոսքով՝ երկրում ձևավորվել է նոր մթնոլորտ, որը մարդկանց տալիս է հանգստություն և ներքին խաղաղություն։ Նրա գնահատմամբ՝ այդ խաղաղությունը գալիս է առաջին հերթին երկրի սահմաններից և Հայաստանի համար առանձնահատուկ արժեք ունի։

Քաղաքապետը նաև կոշտ քննադատության է ենթարկել այն անձանց, որոնք, իր խոսքով, գործում են այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգներով և փորձում են խաթարել երկրի խաղաղությունը։

«Մարդիկ, ովքեր ծառայում են այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգներով, եկել են և ուզում են մեր խաղաղությունը խլել։ Մենք նրանց ասում ենք՝ գնացեք գրողի ծոցը»,- հայտարարել է Ավինյանը։

Նա ընդգծել է, որ հասարակությունը գիտակցում է խաղաղության արժեքը և թույլ չի տա վերադարձ այն երևույթներին, որոնք, նրա բնորոշմամբ, կապված են ընտրակաշառքի բաժանման և նախկին արատավոր գործելակերպերի հետ։

«Մենք գիտենք, թե ինչ արժեք ունի խաղաղությունը, և այդ ընտրակաշառք բաժանող ստահակները չեն կարող վերադառնալ»,- ասել է Երևանի քաղաքապետը։

Leave a Comment