Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծը

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել երկրի սահմանադրության փոփոխության վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացման կարգը հստակեցնող օրինագիծ, հայտնել է Kyodo գործակալությունը

Ըստ կայքի՝ փաստաթուղթը համատեղ ներկայացրել են իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ), կոալիցիոն գործընկեր «Ճապոնիայի վերածննդի հասարակություն» կուսակցությունը և երկու ընդդիմադիր ուժեր։ Նախագիծը նախատեսվում է ընդունել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանի ժամանակ, նշել է կայքը

Օրինագծի նպատակն է ակտիվացնել մայր օրենքի, մասնավորապես՝ 9-րդ հոդվածի վերանայման գործընթացը, որով Ճապոնիան հրաժարվում է ԶՈՒ ստեղծելու և միջազգային վեճերը պատերազմի միջոցով լուծելու տարբերակից: Իշխող ուժն ու նրա դաշնակիցները գտնում են, որ այս դրույթը պետք է էականորեն փոփոխվի, և հանդես են գալիս սահմանադրությամբ ճապոնական ԶՈՒ-ին օրինական կարգավիճակ շնորհելու օգտին:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված Ճապոնիայի սահմանադրությունը դեռևս ոչ մի անգամ չի փոփոխվել: Մայր օրենքում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի երկու պալատների պատգամավորների ձայների ավելի քան երկու երրորդը:

Բացի այդ, խորհրդարանի կողմից սահմանադրության վերանայման որոշումից հետո հարցը պետք է դրվի համազգային հանրաքվեի, որպիսին Ճապոնիայում նույնպես երբևէ չի անցկացվել:

Leave a Comment