Լավրովը բարձր է գնահատել Մոսկվայի և Թբիլիսիի միջև առկա հարաբերությունները

Լավրովը բարձր է գնահատել Մոսկվայի և Թբիլիսիի միջև առկա հարաբերությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները վարում են պրագմատիկ քաղաքականություն՝ պաշտոնապես հայտարարելով Եվրամիությանը միանալու իրենց հանձնառության մասին: 

Նրա խոսքով՝ Թբիլիսին հասկանում է, որ եվրոպական ինտեգրացիան կարող է սպառնալ Վրաստանի տնտեսության մի քանի հիմնական ոլորտների, առաջին հերթին՝ գյուղատնտեսությանը։

«Վրաստանի ներկայիս ղեկավարությունը պրագմատիկ է. նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը Եվրամիությանը, բայց հասկանում են, որ դա անելը կնշանակի դադարել լինել իր գյուղատնտեսական արտադրանքով հայտնի երկիր», – ասել է Լավրովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

Ռուս նախարարը նաև ընդգծել է Վրաստանի տնտեսական փոխկախվածությունը Ռուսաստանի և այլ հետխորհրդային երկրների, ինչպես նաև Չինաստանի հետ: Նրա խոսքով՝ «այս ամենը լրջորեն կդրվի կասկածի տակ, եթե Վրաստանը միանա Եվրամիությանը»։

Միևնույն ժամանակ, ռուսական դիվանագիտության ղեկավարը բարձր է գնահատել Մոսկվայի և Թբիլիսիի միջև առկա հարաբերությունները, չնայած երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը։ Նա նշել է, որ կապերը կանոնավոր կերպով պահպանվում են, և ռուս զբոսաշրջիկները շարունակում են ակտիվորեն այցելել Վրաստան։

Եզրափակելով՝ Լավրովը զուգահեռ է անցկացրել Վրաստանի և Հայաստանի միջև։ Նախարարի խոսքով՝ Երևանը, ինչպես Թբիլիսին, ընտրության առաջ է կանգնած՝ պահպանել ավանդական տնտեսական կապերը և խորացնել ինտեգրումը Եվրամիության հետ։

«Հարևան Հայաստանը նույնպես այժմ փորձության է ենթարկվում ԵՄ այս կլիշեով՝ «ընտրեք կամ այս, կամ այն», – հայտարարել է Լավրովը։

2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 14.5%-ով՝ հասնելով 737 միլիոն դոլարի։ Մոսկվան մնում է երկրի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը Թուրքիայից հետո։

Leave a Comment