5 հունիսի 2026 – 11:02 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանից Լատվիա է արտահանվել տարբեր տեսակների 5500 վարդ։ Oդանավակայանի բեռնային համալիրում կազմակերպված միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ Լատվիա իրականացվող արտահանումը կարևոր դեր ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ նպաստում է արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը։
«Այս շատ կարևոր առիթով մենք իրականացնում ենք հայկական ծաղկի արտահանում դեպի Եվրոպական միություն՝ Լատվիա։ Եվրոպական միությունն աջակցում է հայկական տնտեսությանը՝ դիվերսիֆիկացնելու իր առևտրի շուկաները։ Սա շատ կարևոր գործընթաց է դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է նաև շուկաների դիվերսիֆիկացման հարցում»,- ասել է Մարագոսը, հայտնում է Արմենպրեսը:
Նա հիշեցրել է, որ վերջերս անցկացված ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածի զարգացման ոլորտում։ Դեսպանի խոսքով՝ Եվրոպական միությունը մի քանի տարի շարունակ աջակցել է հայկական բիզնեսին, իսկ այժմ այդ համագործակցությունն անցել է նոր փուլ, երբ հայկական արտադրանքը հնարավորություն է ստացել ավելի մեծ ծավալներով մուտք գործել եվրոպական շուկաներ։
«Մենք ուրախ ենք տեսնել ընկերությանը, որը հրաշալի վարդեր է արտադրում և արտահանում եվրոպական երկրներ։ Լատվիայի դեսպանի, Հայաստանի իշխանությունների և մեր գործընկերների հետ միասին աջակցում ենք այս գործընթացին»,- նշել է նա։
Մարագոսը նաև անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջին հայտարարությանը՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին արտաքին տնտեսական ճնշումների պայմաններում։
«Այսօր ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրոպական միությունը կարող է աջակցել Հայաստանին՝ ընթացիկ ճնշումներին դիմակայելու առումով։ Մենք աջակցելու ենք այն բոլոր գործողություններին, որոնք Հայաստանի կառավարությունը ձեռնարկելու է այդ ճնշումները մեղմելու համար»,- ասել է նա։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր հերթին նշել է, որ արտահանման առաջին խմբաքանակի առաքումը խորհրդանշական և կարևոր քայլ է Հայաստանի ու Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից։
«Այսօր մենք իրականացնում ենք առաջին խմբաքանակի արտահանումը դեպի Եվրոպական միություն։ Սա շատ կարևոր ձեռքբերում է և ցուցադրում է համերաշխությունը, համագործակցությունը և տնտեսական հարաբերություններում Եվրոպական միության հետ համագործակցության ինտենսիվացումը»,- ասել է Սաֆարյանը։
Նա նաև ընդգծել է, որ այս գործընթացը համընկել է Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկի հետ, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Փոխնախարարի խոսքով՝ նախկինում հայկական վարդերի արտահանումը դեպի Լատվիա իրականացվել է Վրաստանի տարածքով, մինչդեռ ներկայիս ձևաչափը նոր հնարավորություններ է ստեղծել հայկական գործարարների համար։
«Հայաստանի բիզնեսների, հատկապես ձեռներեցների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը»,- նշել է նա։
Սաֆարյանը կարևորել է նաև Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 50 միլիոն եվրոյի աջակցության ծրագիրը։
«50 միլիոն եվրոյի աջակցությունը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար։ Նման նախաձեռնությունները նպաստում են տնտեսության զարգացմանը և օգնում Հայաստանին ավելի արագ զարգացնել իր տնտեսությունը։ Սա դեռ սկիզբն է, և մենք հույս ունենք, որ հայկական ծաղիկները ճանապարհ կհարթեն եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու համար»,- ասել է նա։
Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն