Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սրագսյանին ու ևս 3 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանին պատկանող՝ 208,9 մլն դրամ արժողությամբ գույքի օտարման գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրա օժանդակության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրա օժանդակության ենթադրյալ մեղադրանքներով։
Ըստ ՔԿ-ի՝ գույքը կոռուպցիոն սխեմայի միջոցով դուրս է բերվել պետական սեփականությունից և փոխանցվել մասնավոր անձանց։ Բուհը, ՔԿ-ի պնդմամբ, արդյունքում զրկվել է իրեն հատկացված գույքից։
Քննության վարկածով՝ հետագայում գույքի իրական պատկանելիությունն ու ծագումը քողարկելու նպատակով այն ձևական գործարքների միջոցով գրանցվել է Արտյոմ Խաչատրյանի անվամբ։
Գործը վերաբերում է 2009-2016 թվականներին տեղի ունեցած ենթադրյալ գործողություններին։ Այդ ժամանակ՝ մասնավորապես, 2011-2016 թվականներին, Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, զբաղեցնում էր նաև Բրյուսովի համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։ Գործով մեղադրյալներ են նաև բուհի նախկին ռեկտոր Գ.Գ.-ն, նախկին պրոռեկտոր Ա.Ա.-ն, ինչպես նաև Խաչատրյանների հետ փոխկապակցված Հ.Թ.-ն։
