Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Վլադիմիր Պուտինին։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան ի վիճակի է կտրուկ բարձրացնել պատերազմի գինը Ռուսաստանի համար, և կոչ է արել նրան անձնական հանդիպում ունենալ՝ ռազմական գործողություններին վերջ դնելու նպատակով։

Իր նամակում Զելենսկին հայտարարում է, որ «պատերազմը գնալով ավելի շատ բացասական հետևանքներ է բերում Ռուսաստանին»։ Նա նշում է, որ երկրի բնակիչներին դուր չեն գալիս «մեր անօդաչուներն ու հրթիռները», բենզինի դեֆիցիտը, մշտական արգելքներն ու մոբիլիզացիա կազմակերպելու մտադրությունը։

Զելենսկին նաև հայտնել է՝ հղում անելով հետախուզության տվյալներին, որ մայիսին Ուկրաինայի ռազմաճակատում սպանվել կամ ծանր վիրավորվել է 30 հազար ռուսաստանցի, և նման ցուցանիշը պահպանվում է արդեն մի քանի ամիս շարունակ։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի կորուստների մեջ «63%-ը սպանվածներն են, և միայն 37%-ը՝ վիրավորները»։ «XXI դարում բանակները չեն կարող իրենց թույլ տալ նման հարաբերակցություն։ Հետագայում սպանվածների մասնաբաժինը կաճի»,— ասել է Զելենսկին։

Նա կոչ է արել Պուտինին անձնական բանակցություններ վարել չեզոք երկրներից մեկում, սակայն կրկին մերժել է Մոսկվայում հանդիպելու Ռուսաստանի առաջարկը։

«Բոլորը լսել են, թե ինչպես են ձեր ներկայացուցիչները ժպիտով ասում, թե ես իբր կարող եմ գալ Մոսկվա։ Բայց նման 26 տարիներից հետո ուկրաինական առաջնորդը ձեր մայրաքաղաքում, ինչպես և ռուսական առաջնորդը Կիևում, անելիք չունեն»,— գրել է Զելենսկին։

Դրանից առաջ նա նշել է, որ «ձեր իշխանության 26 տարիները ամբողջությամբ փոխել են Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգը», և քաղաքացիական հարցերի քննարկումից «մեր ժողովուրդներն անցել են բացառապես հարվածների ու կորուստների թեմատիկային»։

«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն իր ողջ ուշադրությունը սևեռել է Իրանի հարցի վրա, և սխալ է պարզապես սպասել, թե երբ է նրանց ուշադրության հերթը հասնելու Եվրոպայում ընթացող պատերազմին,— ասված է նամակում։— Ուկրաինան առաջարկում է ավարտել պատերազմը մեր և ձեր միջև ձևաչափով»։

Leave a Comment