Հայաստանը պետք է ընտրի՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե միանալ ԵՄ-ին. Լավրով • Tribune.am

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առաջ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ հարևան Հայաստանը ևս անցնում է հենց այս եվրամիութենական «կամ-կամ, ընտրեք» կաղապարի փորձության միջով։ Նախագահ Պուտինը այս թեմայով շատ մանրամասն խոսել է մայիսի 9-ի մամուլի ասուլիսում․ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, ինքնուրույն կատարի ընտրությունը՝ ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե միանալ Եվրոպական միությանը։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց այդ ընտրությունը պետք է արվի», — ասել է նա։

Լավրովի խոսքով, եթե Երևանն արդեն ընդունել է օրենք, որով պաշտոնապես սկսում է իր ուղին դեպի Եվրամիություն, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները իրենք են հարցը բարձրացրել։

«Եթե նման օրենք գոյություն ունի, ապա դուք արդեն բարձրացրել եք հարցը, բայց եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի և ժողովրդին ուղղված կոչի համար», — ընդգծել է նախարարը։

Նա հավելել է, որ մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրինագիծ՝ երկրի Եվրամիությանը անդամակցության գործընթացը սկսելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին պետք է լինի համաժողովրդական քվեարկության առարկա։

Leave a Comment