«Բարսելոնան» պատրաստվում է ամառային երկրորդ տրանսֆերին

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը» զիջումների է գնացել պաշտպան Ժոաու Կանսելուի հարցում և այլևս 15 միլիոն եվրո չի պահանջում նրա ամբողջական տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ բանակցություններն ընթանում են պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի միջնորդությամբ, սակայն հրաժարագնի նոր չափը դեռևս չի հստակեցվում։ Սաուդյան ակումբում գիտակցում են, որ Կանսելուն չի ցանկանում վերադառնալ Սաուդյան Արաբիա։ Ավելին, նրա հեռանալը գրեթե անխուսափելի է համարվում գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ լարված հարաբերությունների պատճառով։

Կատալոնական ակումբում հնարավորություն են տեսնում հեշտացնելու գործարքը կիսապաշտպան Մարկ Կասադոյի միջոցով։ Վերջինս չի մտնում Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ և լիովին կարող է հետաքրքրել «Ալ-Հիլալին»։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Կանսելուն վարձավճարային հիմունքներով խաղում էր «Բարսելոնայում»։ Կատալոնացիների կազմում նա անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment