NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին

NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին

NASA-ն, հայտարարել է, որ ավարտվել է Մարսի ուղեծրում աշխատած MAVEN (Mars Atmosphere and Volatile EvolutioN) առաքելությունը։ Պատճառը կապի կորուստն է տիեզերական կայանի հետ, որն այլևս ի վիճակի չէ շարունակել իր գիտական գործունեությունը։ Գործակալության հաղորդմամբ՝ Մարսի մթնոլորտի և դրա փոփոխությունների ուսումնասիրությանը նվիրված առաջին NASA-ի առաքելությունը հաջողությամբ գործել է ավելի քան 11 տարի՝ արժեքավոր տվյալներ հավաքելով Կարմիր մոլորակի մասին։

Տիեզերական սարքից վերջին ազդանշանը ստացվել է 2025 թվականի դեկտեմբերի 6-ին։ Դրանից հետո, երբ MAVEN-ը դուրս է եկել Մարսի հակառակ կողմից, NASA-ի հեռավոր տիեզերական կապի ցանցը այլևս չի կարողացել որսալ նրա ազդանշանը։ Չնայած մի քանի ամիս շարունակված վերականգնման փորձերին, փետրվարին ստեղծված մասնագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ սարքն այլևս հնարավոր չէ վերագործարկել։

NASA-ից նշում են, որ դեռևս ուսումնասիրում են կապի կորստի պատճառները, իսկ վերջնական զեկույցը կհրապարակվի այս տարվա ընթացքում։ Թեև MAVEN-ի առաքելությունն ավարտվել է, դրա հավաքած տվյալները դեռ երկար ժամանակ կօգնեն գիտնականներին բացահայտել Մարսի բազմաթիվ գաղտնիքները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment