Հունիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումներում անդրադարձել է Վրաստանի հետ համագործակցության հեռանկարին՝ պատասխանելով կոնգերսական Ջո Ուիլսոնի հարցին։ Վերջինս անհանգստություն է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը «իրանամետ» քաղաքականություն է վարում և խորացնում «կոմունիստական Չինաստանի հետ կապերը»։ ԱՄՆ պետքարտուղարը համաձայնել է, որ «թվարկած խնդիրները մտահոգություն են հարուցում», բայց տեղեկացրել է, ԱՄՆ-ը «հստակ հասկանալ է տվել, թե ինչ պետք է արվի»։ Ըստ Ռուբիոյի, Վրաստանի կառավարությունը «մի շարք քայլեր է ձեռնարկել, որ վկայում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու նրանց ցանկության մասին»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոշտ հակադարձել է կոնգրեսական Ուիլսոնի հարցադրմանը։ Նա Իրանի հետ համագործակցությունը որակել է «մտացածին վերագրում» և հայտարարել, որ «Վրաստանի կառավարությունը դպրոցական չէ, որին կարելի է աշնանային թողնել»։ Ըստ երևույթին, այդպիսով նա հակադարձել է ԱՄՆ պետքարտուղարի դիտարկմանը, որ Վաշինգտոնը սահմանել է, թե «ինչ պետք է անի» պաշտոնական Թբիլիսին։ Այդուհանդերձ, Կոբախիձեն վերահաստատել է ԱՄՆ հետ համագործակցությունը վերականգնելու նպատակադրվածությունը, բայց հավելել է, որ «առկա խնդիրների պատասխանատուն նախկին վարչակազմն» է։
Առկա իրավիճակում Վրաստանի արտաքին քաղաքականության նպատակ հռչակելով տարածքային ամբողջականության վերականգնումը, «Վրացական երազանքի» կառավարությունը պարզորոշ ազդակ է հղում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները միակողմանի զիջումների հաշվին վերականգնելու մտադրություն չունի։ Թբիլիսին, սակայն, մեծ զգուշավորություն ունի, որ կարող է «ներքաշվել» պատերազմի մեջ, ուստի փորձում է Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում «դիստանցիա պահել»։
Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը Վրաստանին «անիրականացնելի պահանջներ է ներկայացրել»։ Սենատի լսումներում պետքարտուղար Ռուբիոն մանրամասնել է, որ Վրաստանը հարցրել է, թե ի՞նչ պիտի անի հարաբերությունների բարելավման համար։ «Մենք պատասխանել ենք եւ հույս ունենք, այդ հիմքով կարող ենք առաջ շարժվել և, հնարավոր է, փոխենք ոչ միայն Վրաստանի հետ մեր հարաբերությունների ուղղությունը, այլեւ նրանց վարքը»,- ասել է Ռուբիոն։ Վրաստանի հարցադրումը պարզ և հասկանալի է, ի՞նչ է պատասխանել ԱՄՆ-ը, հայտնի չէ։ Առաջիկայում, գուցե, հնարավոր լինի կռահել, թե հարաբերությունների բարելավման Թբիլիսիի «աշնանային քննությունը» ինչի մասին է։
