ՔՀԿ-ների մասնակցությունը բյուջետային գործընթացներին․ ինչ հարցեր են բարձրացվում ԱՍՀՆ-ի կազմակերպած քննարկումների շուրջ

ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 8-ի N 8-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի և 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցով» նախատեսված են հստակ ժամկետներ՝ պետական բյուջեի նախագծի ձևավորման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման համար։

Մասնավորապես, որոշմամբ սահմանված է, որ մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը պետական մարմինները պետք է իրենց պաշտոնական կայքերում հրապարակեն հայտարարություններ՝ բյուջետային հայտերի մշակման շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հետ քննարկումների կազմակերպման վերաբերյալ։ Բացի այդ, մինչև 2026 թվականի հունիսի 1-ը նախատեսվում էր կազմակերպել համապատասխան քննարկումները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի հունվար-մայիս ամիսներին մեր կատարած ուսումնասիրությունների ընթացքում բյուջետային հայտերի մշակման շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպման վերաբերյալ համապատասխան հայտարարության հրապարակում չենք արձանագրել։

Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ հայտարարությունը հրապարակվել է ապրիլի 2-ին։ Հայտարարությունում նշվում է, որ նախարարության հետ համագործակցող գործընկերները նախապես կտեղեկացվեն հանրային քննարկումների օրակարգի մասին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գնահատմամբ՝ խնդրահարույց է այն մոտեցումը, երբ հանրային քննարկումների գործընթացում առաջնահերթորեն ներգրավվում են միայն համագործակցող գործընկերները։ Նրանց կարծիքով՝ նման ձևակերպումը կարող է սահմանափակել գործընթացի բաց և ներառական բնույթը, որը նախատեսված է նաև բյուջետային պլանավորման մասնակցային սկզբունքներով։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանի խոսքով՝ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետները միայն ընթացակարգային պահանջ չեն։ Դրանց նպատակը պետական բյուջեի նախագծի մշակման վաղ փուլերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է՝ ապահովելով, որ շահագրգիռ կազմակերպությունները ժամանակին տեղեկացվեն գործընթացի մասին և հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

Նրա խոսքով՝ պետական կառավարման տարբեր ոլորտներում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությամբ առնչվում են համապատասխան քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը և կարող են հետաքրքրված լինել բյուջետային քննարկումներին մասնակցությամբ։ Այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, զբաղվածության, երեխաների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով գործող կազմակերպությունները կարող են շահագրգռված լինել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում նախատեսվող ծրագրերի և ֆինանսավորման առաջնահերթությունների քննարկմամբ։

«Քննարկումների վերաբերյալ տեղեկատվության հնարավորինս լայն և ժամանակին տարածումը կարևոր նախապայման է բյուջետային գործընթացում մասնակցայնության, թափանցիկության և հանրային վերահսկողության ապահովման համար։ Սրանով են պայմանավորում նաև հաճախ պետական մարմինների կողմից մատնանշվող նմանատիպ քննարկումներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության ցածր ցուցանիշը»,-հավելեց Անահիտ Մարդոյանը։ 

Նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան նշել էր նաև, որ արդեն իսկ կազմակերպվել է մեկ քննարկում՝ մայիսի 26-ին, իսկ հաջորդը նախատեսված է հունիսի 4-ին։ Հետաքրքրված ՔՀԿ-ների մասնակցության վերաբերյալ նախարարությունից հայտնել են, որ հունիսի 4-ին նախատեսված քննարկման համար սահմանվել է մասնակցության հստակ քանակային սահմանափակում։

Թե որքանով կհաջողվի ապահովել բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության լայն և արդյունավետ մասնակցությունը, մեծապես կախված է նաև նրանից, թե որքան հասանելի, ժամանակին և ներառական կլինեն այդ նպատակով նախատեսված իրազեկման և քննարկումների կազմակերպման մեխանիզմները։

Leave a Comment