Սևանա լճում իրականացվել են հերթական նմուշառման աշխատանքները՝ լճի էկոլոգիական վիճակի գնահատման նպատակով

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացրել են դաշտային չափումներ և Սևանա լճի ջրի նմուշառում` հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական ցուցանիշների որոշման համար։

«Մեծ և Փոքր Սևանի դիտակետերում, տարբեր խորություններից տեղում չափվել են ջրի ջերմաստիճանը, թափանցիկությունը, լուծված թթվածնի պարունակությունը, ջրի թթվայնությունը (pH), քլորոֆիլ α-ի քանակը և այլ կարևոր ցուցանիշներ։

Նմուշառումների արդյունքում ստացվող տվյալները հնարավորություն են տալիս գնահատել Սևանա լճի ջրի որակը, բացահայտել հնարավոր փոփոխությունները և հետևել լճի էկոլոգիական վիճակին։

Մեր մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ իրականացվում է Սևանա լճի վերաբերյալ հուսալի ու շարունակական տվյալների հավաքագրում, որն անհրաժեշտ հիմք է լճի վիճակի գնահատման և որոշումների կայացման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment