
Վաշինգտոնն առանց ցավի կշրջի Հայաստանի հետ իր բոլոր պայմանավորվածությունների էջը, երբ «կորցնի ախորժակը»։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում շրջանակային համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև TRIPP ծրագրի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին։ Բացի այդ, կողմերը ստորագրեցին երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև պայմանագրեր կնքեցին հազվագյուտ հողային հանքանյութերի մատակարարումը, արդյունահանումն ու վերամշակումն ապահովելու վերաբերյալ: Դրանից հետո Միրզոյանը հայտարարեց, որ TRIPP-ի հետ կապված վերջնական համաձայնագիրը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում։
«Երբ Վաշինգտոնը կորցնի ախորժակը կամ այնտեղ փոխվեն առաջնահերթությունները, նրանք այդ ամենը կդադարեցնեն իրենց համար բացարձակ անցավ եղանակով», – ասել է Զախարովան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
