Իրանի շուրջ պատերազմական գործողությունները կրկին սրվել են։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնել են, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին և տարածաշրջանային այլ թիրախների։ Ըստ Վաշինգտոնի՝ դրանք կա՛մ հաջողության չեն հասել, կա՛մ հետ են մղվել։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։
-Ինչպե՞ս եք մեկնաբանում. արդյոք այսպե՞ս վտանգի տակ չի դրվում համաձայնությունը։
-Չնայած ապրիլից հայտարարված հրադադարին՝ այնուամենայնիվ, այն պարբերաբար խախտվում է, և կողմերը փոխադարձ գործողություններ են իրականացնում մեկը մյուսի դեմ։ Եվ ամենավերջինը, բնականաբար, այդ ռազմական հարվածներն են Միացյալ Նահանգների կողմից և Իրանի պատասխան գործողությունները Քուվեյթում։ Ընդհանուր առմամբ, այս գործողություններն էլ փաստում են այն մասին, որ բանակցությունները երկու կողմերի միջև հայտնվել են փակուղում։ Պատճառներից մեկն այն է, որ իրանական կողմը ձգձգում է ԱՄՆ-ի կողմից ներկայացված փոխհամաձայնության փաթեթի վերջին տարբերակին պատասխանը, և դրան գումարած՝ Իսրայելը փորձում է ամեն կերպ խոչընդոտել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության կայացմանը՝ իր գործողություններով, մասնավորապես՝ Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ակտիվ գործողություններով։ Իսկ մենք գիտենք, որ Լիբանանում հրադադարը իրանական կողմը դիտարկում է որպես Միացյալ Նահանգներ–Իրան համաձայնության կարևոր բաղկացուցիչ մաս։ Քանի որ այդ հրադադարը չկա, ըստ էության, և Իսրայելն էլ լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում, սա, բնականաբար, բացասաբար է ազդում Վաշինգտոն–Թեհրան բանակցությունների վրա։
-Չնայած հարաբերությունները և իրավիճակը լարված են, ըստ Ձեզ, կկարողանա՞ն համաձայնության գալ, թե՞ ոչ։
-Նախորդիվ արդեն նշեցի, որ կա փաստաթուղթ, որը կողմերը փոխադարձաբար փոխանցում են մեկը մյուսին։ Այս պահի դրությամբ Միացյալ Նահանգների ուղարկած տարբերակը գտնվում է իրանական կողմի մոտ, և սպասվում է իրանական կողմի պատասխանը։ Իսկ պատասխանը ձգձգվում է մի քանի պատճառներով։ Ինչպես արդեն նշեցի, հնարավոր է՝ փաստաթղթի տեքստում Իրանի համար ոչ այնքան ընդունելի կետեր կան։ Իսկ երկրորդը, կարծում եմ, պայմանավորված է Լիբանանում ստեղծված իրավիճակով, քանի որ Իսրայելը լայնածավալ գրոհ է նախապատրաստում Բեյրութում «Հեզբոլլահի» դեմ, իսկ իրանական կողմը «Հեզբոլլահի» դեմ գործողությունները դադարեցնելը համարում է կարևոր պայման Միացյալ Նահանգներ–Իրան համաձայնության համար։ Հետևաբար, եթե ամփոփելով նշեմ՝ կա գործընթաց, բայց դրա հեռանկարն էականորեն անկանխատեսելի է, անորոշ՝ պայմանավորված թվարկածս գործոններով։
-ԱՄՆ նախագահը հայտնել է. «Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի»։ Ի՞նչ երաշխիքի մասին է խոսում Թրամփը, և Իրանը կհրաժարվի՞ միջուկային իր պլաններից։
-Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփի ակնկալած երաշխիքը պետք է ձևակերպված լինի փաստաթղթով, իսկ այս պահին օրակարգում եղած փաստաթղթում այդ երաշխիքն ամրագրված չէ, և դա էլ պատճառներից մեկն է, որ համաձայնագիրը փոխադարձաբար չի ընդունվում, քանի որ հատկապես միջուկային հիմնախնդրի հետ կապված՝ կողմերի մոտեցումները խորքային տարբեր են, և այդ առումով դա է նաև պատճառը, որ իրանական կողմը չի ընդունում Միացյալ Նահանգների առաջարկը։ Այն ենթադրում է ընդհանրապես միջուկային ծրագրից հրաժարում, իսկ իրանական կողմի փոխադարձ առաջարկներն էլ անընդունելի են ԱՄՆ-ի համար, քանի որ դրանք չեն ապահովում այն երաշխիքները, որ ինչ-որ փուլում Իրանը չի կարողանա ունենալ միջուկային զենք։
Լիլիթ Աբրահամյան
