Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում.Մխիթար Հայրապետյան




 


Հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն ու ֆորումը, որը մեկ հարթակում համախմբել է տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների ներկայացուցիչներին, ընկերություններին, գիտահետազոտական կենտրոններին և ինժեներական թիմերին։ 


 


Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ողջունելով ներկաներին` Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ մայիսին երեք ռազմարդյունաբերական ընկերություն արդեն արտահանել է ռազմական նշանակության արտադրանք երկու տարբեր մայրցամաքներ:


 


Նախարարը հիշեցրել է, որ ոլորտի իրական զարգացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին ընդունված ռազմավարական որոշումների, մասնավորապես՝ եռամյա ծրագրի շնորհիվ։


 


Ներկայացնելով Կառավարության նպատակները՝ նախարարն առանձնացրել է երեք հիմնական ուղղություն։


 


Առաջինը՝ ձևավորել զարգացած հայրենական ռազմարդյունաբերություն, որը կսպասարկի զինված ուժերի կարիքները և կապահովի տեխնոլոգիական ու նորարարական առաջընթաց։ Երկրորդը՝ նոր տնտեսության սեգմենտի ձևավորումն է՝   ռազմարդյունաբերությունը դարձելով տնտեսության նոր և արագ զարգացող ճյուղ։


 


«Ռազմական արդյունաբերությունը այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում, և այն արդեն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Ռազմարդյունաբերությունը կամ պաշտպանական արդյունաբերական պրոդուկտները կարևորագույն արտահանելի ճյուղ են դառնալու մեր տնտեսության համար և արդեն դառնում են»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ գործընթացները շարունակվում են, ռազմարդյունաբերական ոլորտը իրապես օրեցօր կայանում է` դառնալով տնտեսության կարևոր մի նոր ուժ։


 


Երրորդը՝ գիտության զարգացումն է, պետական պատվերների միջոցով կիրառական գիտական արդյունքների նկատմամբ գիտության համար ինդուստրիալ պահանջարկի ձևավորումը։ Սա գալիս է ամբողջացնելու շուկայական տնտեսություն – գիտություն փոխկապակցվածությունը՝ նպաստելով գիտության և արդյունաբերության միջև կապի ամրապնդմանը։


 


Նախարարն ընդգծել է, որ սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Առաջին եռամյա ծրագրի շրջանակում պետությունը պատվերների միջոցով ոլորտում ներդրել է 172 միլիարդ դրամ։ Բացի այդ, Կառավարությունը որոշում է կայացրել շարունակել երկարաժամկետ պայմանագրերի քաղաքականությունը՝ արդեն իսկ ամրագրելով շուրջ 190 միլիարդ դրամի նոր պատվերներ, որոնք առաջիկա տարիներին լրացուցիչ ներդրումներ կապահովեն տնտեսության և ռազմարդյունաբերության զարգացման համար։


 


Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը։  Նա ընդգծել է, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան զարգացնելու սեփական բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, քանի որ այն լոկոմոտիվ է ամբողջ տնտեսության համար։


 


«Հայկական արտադրանքը պետք է դառնա այն շարժիչ ուժը, որը կբարձրացնի Հայաստանի տնտեսության արտադրողականությունը, թույլ կտա մրցակցային առավելություններ ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»,- ասել է  Արմեն Բալդրյանը։


 


Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների և կազմակերպությունների ներկայացրած տեխնոլոգիական արտադրանքներին, նորարարական լուծումներին, ռազմարդյունաբերական մշակումներին և ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։


 


Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, նորարարական լուծումները, գիտական ձեռքբերումներն ու գաղափարները, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և ոլորտի հետագա զարգացմանը։


 


RISE Powered by Silicon Mountains 2026-ը կազմակերպվում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։


 


Միջոցառման կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը դրամաշնորհային ձևաչափով տրամադրել է շուրջ 60 միլիոն դրամ աջակցություն։


 


Միջոցառման պլատինե գործընկերն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ ոսկե գործընկերը՝ «Յունիքոմփ» ընկերությունը։


 


 ԲՏԱ նախարարություն


 


 




 

Leave a Comment