ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին – armeniatoday.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, սակայն Հայաստանի համար բարդ կլինի միաժամանակ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրոպական միությանը՝ երկու միավորումների տնտեսական և մաքսային կանոնների տարբերությունների պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ ներսում գործող պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամ պետությունների վրա։

«Չափազանց բարդ է լինել Եվրոպական միության անդամ և, միաժամանակ, գտնվել Եվրասիական տնտեսական միության կազմում։ Օրենքները, մաքսային արգելքները, ներմուծումն ու արտահանումը՝ այս ամենն ստեղծված են Եվրասիական տնտեսական միության երկրների համար»,- ՀԱՊԿ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է նա։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հետագա կուրսի ընտրությունը մնում է Հայաստանին։

«Բնականաբար, ընտրությունը ՀՀ ժողովրդինն ու ՀՀ ղեկավարությանն է»,- նշել է Մասադիկովը՝ մեկնաբանելով հանրապետության՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու հարցը։

Նա նաև հայտարարել է, որ կազմակերպությունը շարունակում է Հայաստանին համարել միավորման լիիրավ անդամ, քանի որ Երևանը դուրս գալու մասին պաշտոնական որոշումներ չի կայացրել։

«Մինչ այս պահը ՀԱՊԿ-ը Հայաստանը համարում է կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանից այլ որոշումներ կամ պաշտոնական տեղեկություններ չեն ստացվել։ Հայաստանի կամ այլ երկրների քաղաքական գործիչների կողմից հնչող հռետորաբանությունը կարող է տարբեր լինել՝ պայմանավորված նախընտրական կամ հետընտրական գործընթացներով»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։ Ավելի ուշ սահմանափակումներ էին կիրառվել ՀՀ-ից որոշ մրգերի, իսկ հունիսի 2-ին՝ սերմապտուղների, կարտոֆիլի, սմբուկի և չրերի ներմուծման վրա։

Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։

Կարդացեք նաև՝ 

Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին

 

Leave a Comment