Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն – armeniatoday.am

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտարարել է, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման սպառնալիքի ներքո։ 

Նրա տեղեկացմամբ՝ Planet արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տվել, որ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում եկեղեցու արևելյան և հյուսիսային հատվածներում իրականացվել են լայնածավալ հողային ու շինարարական աշխատանքներ։

Ավանեսովի խոսքով՝ աշխատանքներն իրականացվում են հուշարձանի անմիջական հարևանությամբ՝ առանց միջազգային մասնագիտական վերահսկողության, ինչը վտանգում է եկեղեցու ֆիզիկական ամբողջականությունն ու պատմաճարտարապետական միջավայրը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում նախկինում բազմիցս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի, ինքնության խեղաթյուրման և ոչնչացման դեպքեր։

Օմբուդսմենը միջազգային կազմակերպություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մասնագիտական կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել անհապաղ արձագանքել իրավիճակին, իրականացնել անկախ մշտադիտարկում և միջոցներ ձեռնարկել Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցու պահպանության համար։

Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիսանում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը, որն ունի ոչ միայն կրոնական, այլև պատմական, ճարտարապետական և ինքնության պահպանման կարևոր նշանակություն։

Ադրբեջանը, որն Արցախն օկուպացնելուց հետո վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը, ապրիլին ավերել էր նաև Արցախի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 23-ին անդրադառնալով Ստեփանակերտի մայր տաճարի քանդմանը, հայտարարել էր, որ չի պատրաստվում այդ հարցը դարձնել միջազգային քննարկումների թեմա։

Leave a Comment