ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ԱՀԾ – armeniatoday.am

Եվրամիության ղեկավարությունը Հայաստանի առջև պահանջ է դնում ամբողջությամբ խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերը՝ որպես եվրաինտեգրման նախապայման, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը։

«Հայաստանի իշխանությունների առջև, որպես եվրաինտեգրման պարտադիր նախապայման, պահանջ է դրվում լիակատար խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական և հոգևոր կապերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ ԱՀԾ-ի տեղեկությունների, Եվրամիության ղեկավարությունն «ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) դուրսմղմանը»։

Գերատեսչությունից հավելել են, որ Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելությունը «չարամիտ հարձակում է իրականացնում ռուսական ուղղափառության դեմ»։ Բրյուսելը փորձում է զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանան Հայոց թեմին եկեղեցական գույքն օգտագործելու իրավունքից և խոչընդոտել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ առաքելական եկեղեցու հետ:

Ռուսական հատուկ ծառայության պնդմամբ՝ Եվրամիությունն «ակնհայտ դրսևորել է Հայաստանում «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի» մեթոդները։ ԱՀԾ-ն Բրյուսելին է վերագրել Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազային կից Միքայել Հրեշտակապետի տաճար-մատուռի վանահայր, ՌՈւԵ քահանա Տիմոֆեյ Ղազարյանի դեմ իրականացված «կոպիտ հարձակման» պատասխանատվությունը։

ՌԴ արտաքին հետախուզությունը նշել է, որ ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները քահանային մեղադրել են Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։

ԱՀԾ ունեցած տվյալներով՝ այս պահին ԵՄ-ն «կոմպրոմատներ է կեղծում» թեմի այլ ներկայացուցիչների դեմ, որպեսզի դրդի Հայաստանի իշխանություններին «նրանց նկատմամբ մասշտաբային հալածանքներ սկսել»։

Հայաստանի արդարադատության նախարարությունը ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմը երկրում գրանցել է 2023 թվականի մարտին։ Այժմ դրա ժամանակավոր կառավարիչն է Պոդոլսկի և Լյուբերցիի արքեպիսկոպոս Աքսին։

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի սկզբին հավանություն է տվել եվրաինտեգրման մասին օրինագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ընդգծել է, որ փաստաթուղթը չի նշանակում ավտոմատ անդամակցություն Եվրամիությանը, իսկ այդ հարցով որոշումը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով։

Այս գործընթացների ֆոնին Մոսկվան Երևանին կոչ է արել կողմնորոշվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Ռուսական կողմը գրավոր նախազգուշացրել է Երևանին՝ Եվրամիությանն անդամակցելու դեպքում գազի, նավթամթերքի և ադամանդի վերաբերյալ համաձայնագրերի խզման ռիսկի մասին։

2024-ի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը քննարկելու առաջարկին։

Հայաստանի խորհրդարանը նույն տարվա հունիսի 21-ին լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեի վերաբերյալ: Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 1-ին «ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ նպատակահարմար չէր համարել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։

Leave a Comment