Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը աստղ կստանա «Փառքի ծառուղում», hայտնել է դրա ստեղծողն ու ադմինիստրատորը՝ Հոլիվուդի առևտրի պալատը։
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին՝ Լոս Անջելեսում։ 51-ամյա Բեքհեմի կողքին կլինի նրա կինը՝ երգչուհի և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, ինչպես նաև դերասան Թոմ Քրուզը։
Բեքհեմը մարզական կարիերան ավարտել է 2013 թվականին։ Նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», ՊՍԺ-ում, «Միլանում» և «Լոս Անջելես Գելաքսիում»։ Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը 6 անգամ հաղթել է Անգլիայի, ինչպես նաև Իսպանիայի ու Ֆրանսիայի առաջնություններում և դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
Ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 115 հանդիպում և 6 տարի շարունակ կրել է թիմի ավագի թևկապը։
2018 թվականին Բեքհեմը դարձել է MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր, որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին։
