ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել — Հայաստանի Հանրային Ռադիո

Ապրիլի 8-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև գրանցվել է ամենախոշոր ռազմական բախումներից մեկը:

Հունիսի 3-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել հարևան Քուվեյթի և Բահրեյնի տարածքներին: Թեհրանի փոխանցմամբ՝ հարձակման նպատակն է եղել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների խոցումը: ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազային:

Ի պատասխան Իրանի գործողությունների՝ ամերիկյան զինուժը հակահարված է հասցնել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու իրանական ռազմական օբյեկտին:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (Centcom) հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ որսացել են իրանական մի քանի բալիստիկ հրթիռներ և դրոններ: Բացի այդ, ամերիկյան կողմը խոցել է երեք իրանական անօդաչու սարք, որոնք արձակվել էին տարածաշրջանի ջրերում օրինական հիմքերով գտնվող քաղաքացիական նավերի ուղղությամբ: Centcom-ը պաշտոնապես հերքել է Իրանի հայտարարություններն այն մասին, թե Բահրեյնում ամերիկյան բազան վնասներ է կրել:

Վերջին հարվածների փոխանակումը, ըստ երևույթին, պայմանավորված էր հունիսի 2-ին Իրանի նավթի արտահանման կարևոր կենտրոնի՝ Խարկ կղզու մոտ իրականացված ԱՄՆ ռազմական գործողությամբ։ ԱՄՆ զինվորականները հարձակվել էին բեռնաթափված նավթատար նավի վրա, որը փորձել էր մտնել իրանական նավահանգիստ՝ անտեսելով ԱՄՆ ռազմածովային շրջափակումը։

Իրանի ռազմական ներկայացուցիչը X սոցիալական մեդիա հարթակում հաստատել է ԻՀՊԿ-ի պատասխան հարվածները՝ զգուշացնելով, որ Հորմուզի նեղուցի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք «ծանր գին» կպահանջի ԱՄՆ զինվորականների համար։

Leave a Comment