
Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները Վաշինգթոնում անցկացրել են բանակցությունների չորրորդ փուլը, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
«Քաղաքական և անվտանգության հարցերում առաջընթացը շարունակվում է, քանի որ մենք հաղթահարում ենք վերջին 20 տարիների սխալները և շարժվում դեպի համապարփակ համաձայնագիր, որն ուղղված է Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը և Իսրայելի անվտանգության ապահովմանը»,- ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Պիգոթի հայտարարության մեջ։
Նա վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու այդ բանակցություններին, և հայտնել է, որ հաջորդ փուլը կանցկացվի այսօր։
Չնայած ապրիլի 16-ին Վաշինգթոնում կողմերի առաջին բանակցություններից հետո հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին ամերիկյան վարչակազմի հայտարարություններին, Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա: Ի պատասխան՝ «Հեզբոլլահ» շարժումը ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ: