Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նա միջանցքում հրեց ընդդիմադիր պատգամավորի հղիության 7-րդ ամսում գտնվող օգնականին։
Ինչպե՞ս է փոխվել Ազգային ժողովի նախագահի տեղակալի ունեցվածքը
2021 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս զգալի ֆինանսական հոսքեր։
Նրա տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 31.4 մլն դրամ, որից մոտ 18 մլն դրամը ստացվել է գույքի վաճառքից, իսկ մնացածը՝ աշխատավարձերից պետական մարմիններում։
Անշարժ գույքի բաժնում նշվում է, որ պաշտոնյան ունի Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բնակարաններ՝ մեկը գնման, մյուսը՝ նվիրատվության հիմքով ձեռք բերված։ Տարվա ընթացքում նա օտարել է նաև մեկ բնակարան՝ շուրջ 18 մլն դրամ արժեքով գործարքով։
Տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան։
Ֆինանսական միջոցների մասով նշվում է, որ նրա բանկային հաշիվների մնացորդը տարվա ընթացքում նվազել է՝ մոտ 3.4 մլն դրամից հասնելով շուրջ 293 հազար դրամի։ Կանխիկ միջոցների բաժնում ներկայացված են նաև գումարներ, այդ թվում՝ դրամային և արտարժութային խնայողություններ։
2022 թվականի հայտարարագրով Արշակյանի տարեկան աշխատավարձը կազմել է 11,186,806 դրամ։ Տարվա վերջում նրա բանկային մնացորդը կազմել է շուրջ 398,800 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն դրամ։ Նա շարունակել է տիրապետել Դավթաշենում գտնվող բնակարանին, իսկ ֆինանսական պարտավորությունների մասով արձանագրվել է շուրջ 4.5 մլն դրամ հիփոթեքային պարտք։ Տարվա ընթացքում այլ խոշոր գույքային փոփոխություններ չեն եղել։
2023 թվականի տվյալներով ԱԺ նախագահի տեղակալի եկամուտները կազմել են 17,207,526 դրամ։ Այդ գումարի մեջ ներառվել են աշխատավարձը՝ 13,881,648 դրամ, եկամտային հարկի վերադարձը՝ 3,295,878 դրամ և ապահովագրական հատուցումը՝ 30,000 դրամ։ Տարվա վերջում բանկային մնացորդները նվազել են, որոշ հաշիվներ զրոյացել են, իսկ կանխիկ միջոցները կազմել են մոտ 2.5 մլն դրամ և 9.5 հազար դոլար։ Վարկային պարտավորությունները տարվա վերջում կազմել են շուրջ 5.5 մլն դրամ։ Գույքային կառուցվածքը պահպանվել է՝ Դավթաշենի բնակարան և Ջրվեժի այգետնակ։
2024 թվականի հայտարարագրում նրա ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 18.3 մլն դրամ՝ հիմնականում ԱԺ աշխատակազմից և եկամտային հարկի վերադարձից։ Բանկային հաշիվներում եղել է շուրջ 756 հազար դրամ, կանխիկ՝ մոտ 2.5 մլն դրամ և 9.5-10 հազար դոլար։ Վարկային պարտավորությունները կազմել են մոտ 4.4 մլն դրամ։ Գույքային կառուցվածքում պահպանվել են Դավթաշենի բնակարանը և 2023 թվականին ձեռք բերված Ջրվեժի այգետնակը։
2025 թվականի հայտարարագիրն արդեն ցույց է տալիս առավել ակտիվ գույքային շարժ։ Արշակյանը տարվա ընթացքում վաճառել է Դավթաշենում գտնվող բնակարանը՝ 40 մլն 800 հազար դրամով, և նույն տարվա հունիսին ձեռք է բերել նոր բազմաբնակարան բնակարան՝ 28 մլն 250 հազար դրամով։ Բացի այդ, գնել է 2024 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա՝ 17 մլն 439 հազար դրամ արժողությամբ։ Տարվա վերջում նրա սեփականության մեջ մնացել են նոր բնակարանը և Ջրվեժի այգետունը։
Ֆինանսական մասով 2025 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 32 հազար դրամ, որի հիմնական մասը՝ 17.8 մլն դրամ, ստացվել է ԱԺ աշխատակազմից, իսկ մնացածը՝ եկամտային հարկի վերադարձից և դասախոսական գործունեությունից Երևանի պետական և Ռուս-հայկական համալսարաններում՝ շուրջ 194 հազար դրամ։ Տարվա վերջում նրա կանխիկ միջոցները կազմել են 10 հազար դոլար և 2.5 մլն դրամ, բանկային մնացորդը՝ շուրջ 503 հազար դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 32.6 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում շուրջ 2.4 մլն դրամ ուղղվել է վարկերի մարմանը։ Վերանորոգման ծախսերը գերազանցել են 9.8 մլն դրամը։
Այսպիսով, 2018 թվականի հեղափոխությունից հետո պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հակոբ Արշակյանը քաղաքական ակտիվ շրջանն ավարտում է զգալիորեն փոխված գույքային և ֆինանսական պատկերով։ Եթե իշխանության գալուց առաջ նրա կենսագրությունը հիմնականում սահմանափակվում էր մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոններով, ապա վերջին յոթ տարիներին նա հասցրել է զբաղեցնել մի շարք առանցքային պետական պաշտոններ՝ զուգահեռաբար ձևավորելով անշարժ գույքի, դրամական միջոցների և վարկային պարտավորությունների նոր կառուցվածք։
Թե արդյոք ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնալը կնշանակի քաղաքական կարիերայի ավարտ, թե ընդամենը ժամանակավոր դադար, դեռ պարզ չէ, սակայն հայտարարագրերը փաստում են, թե ինչ գույքային և ֆինանսական վիճակով է նա հեռանում ակտիվ քաղաքական առաջնագծից»։