ԱՄՆ-ն և Ադրբեջանն ստորագրել են ավելի քան 8 միլիարդ դոլարի արժեքով համաձայնագրեր, որոնք վերաբերում են էներգետիկայի, օգտակար հանածոների մատակարարման, տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների, ավիացիայի, ինչպես նաև արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների ոլորտներին։ Այս մասին Բաքվում ադրբեջանա-ամերիկյան տնտեսական երկխոսության շրջանակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկ և բիզնես հարցերով օգնական Քեյլեբ Օրրը։
Ավելի վաղ Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայել Ջաբբարովը հայտարարել էր, որ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, արհեստական բանականության, թվայնացման, կարևոր հանքանյութերի և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերը։
Կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման կարևորությունը և Ադրբեջանի դերը՝ որպես Եվրոպան, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքը կապող հարթակ։
