«Թրամփի ուղու» շնորհիվ մենք կկարողանանք օգնել ամրապնդել Ադրբեջանի դիրքերը՝ որպես Միջին միջանցքի հիմնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Բաքվում կայացած առաջին տնտեսական երկխոսության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ամերիկյան ներդրումների ավելացման և էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերում ԱՄՆ մասնակցության ընդլայնման ծրագրերը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը՝ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին։

«Անցյալ տարի Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում ExxonMobil-ը ստորագրեց Ադրբեջանում նոր հետախուզական աշխատանքների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, և մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը: ExxonMobil-ը Ադրբեջանում էներգետիկ տարանցման մի քանի կարևոր ենթակառուցվածքային նախագծերի բաժնետեր է: Chevron-ը նույնպես երեկ Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում ստորագրեց նոր հետախուզական համաձայնագիր, և մենք աջակցում ենք այս կոնկրետ նախագծերի առաջխաղացմանը», – ասել է  նա:

Քալեբ Օրը նշել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ադրբեջանի կողմից ստեղծված խողովակաշարերի և այլ էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերին ավելի ակտիվ մասնակցությամբ։

«Թրամփի ուղու» միջոցով մենք ակնկալում ենք նպաստել Ադրբեջանի դերի հետագա ամրապնդմանը որպես Միջին միջանցքի հիմնական հանգույցի, որը էներգամատակարարում է ապահովում Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին», – ասաց նա։

Օրրի խոսքով՝ Ադրբեջանն այժմ աշխարհի ռազմավարական առումով կարևոր էներգակիրների արտադրողներից մեկն է, և Վաշինգտոնը ակնկալում է առաջիկա տարիներին ավելի ընդլայնել Բաքվի հետ համագործակցությունը։

«Միացյալ Նահանգները մեծապես օգտվում է այս գործընկերությունից և ակնկալում է զգալիորեն ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին», – ավելացրել է Քալեբ Օրը։

Leave a Comment