
«Բագրատ սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված, երբ Կիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ: Այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցական շրջանակում: Եվ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը: Եվ մենք Բագրատ սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից»,- այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Կաթողիկոսը:
«Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ, այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը: Հետո արդեն տեղի ունեցավ Բագրատ սրբազանի ձերբակալություն, բայց այն մեղադրանքները, որ Բագրատ սրբազանի նկատմամբ առաջադրվում են, անհիմն են: Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ սրբազանին. նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է»,-ընդգծեց Վեհափառը։