Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկած ժամանակավոր համաձայնագիրը – armeniatoday.am

Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկած ժամանակավոր համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է հրադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և հետագա բանակցությունների շարունակություն։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իրանական «Մեհր» գործակալությանը։

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը դեռ չի պատասխանել համաձայնագրի վերջնական տեքստին և որդեգրել է «խիստ» մոտեցում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերն ու երկարամյա անվստահությունը։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից ավելի քան երեք ամիս անց հակամարտությունը փաստացի փակուղի է մտել։ Կողմերը միջանկյալ համաձայնության շուրջ հիմնականում անուղղակի բանակցություններ են վարում, սակայն առայժմ առանց շոշափելի արդյունքի, ինչի հետևանքով Հորմուզի նեղուցը մեծ մասամբ շարունակում է փակ մնալ։

Թրամփը հունիսի 1-ին հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, և առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ։

Reuters-ը հիշեցրել է, որ մարտի կեսերից Թրամփը բազմիցս հայտարարել է խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին։ Միաժամանակ, նման գործարքը կթողնի հետագա բանակցությունների օրակարգում ամենաբարդ հարցերից մեկը՝ Իրանի միջուկային ծրագրի ապագան։ Չնայած ապրիլի սկզբից հրադադարը հիմնականում պահպանվել է, վերջին շաբաթվա ընթացքում Իրանն ու ԱՄՆ-ը մի քանի անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել։

ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Սակայն, ըստ հրապարակման, Թրամփը դեռ չի հաստատել փաստաթուղթը։

Leave a Comment