Նավթի գները նվազել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին – armeniatoday.am

Իրանի կողմից ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագիրն ուսումնասիրելու ֆոնին նավթի գները նվազել են ավելի քան 1%-ով, գրել է Reuters-ը՝ արձագանքելով իրանական «Մեհր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 1-ին հայտարարել էր բանակցությունների շարունակման մասին և ասել, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է հասնել հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղուցի վերաբացման մասին գործարքի։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Իրանն առայժմ չի պատասխանել ժամանակավոր համաձայնագրի վերջնական տեքստին։

Լոնդոնի ICE բորսայի տվյալներով՝ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,2%-ով՝ հասնելով մեկ տակառի դիմաց 93,85 դոլարի։ Նույնքան՝ 1,2%-ով, էժանացել է նաև ամերիկյան WTI նավթը, որի գինը կազմել է 91,07 դոլար՝ մեկ տակառի համար։

Միաժամանակ, նախորդ առևտրային օրը երկու տեսակի նավթի գներն աճել էին ավելի քան 5%-ով։ Սակայն մայիսին դրանք ընդհանուր առմամբ նվազել էին մոտ 16%-ով՝ պայմանավորված ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի սպասումներով։

Լրատվամիջոցը գրել է, որ ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հորմուզի նեղուցն ու դրա պաշարները։ Ըստ այդմ, չնայած բանակցություններում արձանագրված տեղաշարժին, ռազմական հակամարտության պատճառով նավթի հոսքը Հորմուզի նեղուցով շարունակում է սահմանափակ մնալ։ Պատերազմի սկզբից Իրանն արգելափակել է Պարսից ծոցից ոչ իրանական նավերի տեղաշարժը, ինչը կասեցրել է նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային հոսքերի մեկ հնգերորդ մասը՝ գները բարձրացնելով 50%-ով։ ԱՄՆ-ն իր հերթին շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը, գրել է լրատվամիջոցը։

Էներգետիկայի միջազգային գործակալության ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ ամառային պահանջարկի պիկին ընդառաջ նավթի համաշխարհային պաշարները կարող են հասնել ճգնաժամային ցածր մակարդակի։ Աբու Դաբիի պետական նավթային ընկերության ղեկավարությունը նույնպես նշում է, որ օգոստոսը կարող է բեկումնային դառնալ գների հետագա կտրուկ աճի համար, եթե մատակարարման ճգնաժամը պահպանվի, փոխանցում է կայքը։

Լրատվականը միևնույն ժամանակ նշում է նավթի շուկայի վրա ազդող այլ գործոնների, օրինակ, Լիբանանում հրադադարի մասին՝ մասնավորեցնելով, որ Լիբանանը հայտարարել է «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև մասնակի հրադադարի մասին, ինչը որոշակիորեն թուլացրել է լարվածությունը։

ԶԼՄ-ն նաև անդրադարձել է ԱՄՆ նավթի պաշարների անկմանը՝ հիմնվելով իր իսկ նախնական հարցումների վրա, ըստ որի՝ ԱՄՆ-ում նավթի և բենզինի պաշարները նախորդ շաբաթվա ընթացքում նվազել են մոտ 3,6 մլն տակառով։

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին՝ նավթի գները մայիսի 25-ի դրությամբ՝ նվազել էին ավելի քան 5 դոլարով և հասել վերջին երկու շաբաթվա ամենացածր մակարդակին։

ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Սակայն, ըստ հրապարակման, Թրամփը դեռ չի հաստատել փաստաթուղթը։

Leave a Comment