ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ԵԱՏՄ-ում կիրառվող առևտրային սահմանափակումները՝ դրանք անվանելով «սխալ քայլեր», որոնք քաղաքացիներին տրամադրում են Միության դեմ, հայտարարել է վարչապետն «Իզվեստիա» պարբերականին՝ Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նրա կարծիքով՝ Միությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի Հայաստանի և գրավիչ մնա հայ հասարակության համար։ Փաշինյանը, միաժամանակ, «շատ հավասարակշռված» է որակել ԵԱՏՄ անդամ երկրների բանաձևը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր հանրաքվեի վերաբերյալ:
Վարչապետի խոսքով՝ բանաձևի տեքստից բխում է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերներն աջակցում են նման հանրաքվեի անցկացման գաղափարին։
«Քանի դեռ Հայաստանը ռեալ չի դիմել ԵՄ-ին՝ Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու համար, պարզապես հանրաքվեի առարկա չկա։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հանրաքվե չի լինի։ Հենց որ դա տեղի ունենա, հանրաքվեն կլինի»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցի քննարկումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից թեկնածուի կարգավիճակ ստանալուց և անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։
Պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության առավելությունների մասին հարցին՝ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը լավ է հասկանում դրանց նշանակությունը։
Հայաստանում ընտրություններին ընդառաջ՝ ռուսական կառավարական շրջանակներից հաճախակիացել են Հայաստանին ուղղված հայտարարությունները՝ կողմնորոշվել իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում։ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները մայիսի 29-ի համատեղ հայտարարությամբ հորդորել էին ՀՀ-ում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։
Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր ընտրության հարցում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի Եվրամիությանն անդամակցելու կամ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, նման հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։
