Դատախազությունն «Արարատցեմենտին» առնչվող նոր հաղորդում է ներկայացրել ՀԿԿ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունների ֆոնին դատախազությունը հայտնել է ընկերությունում հայտնաբերած ենթադրյալ խախտումների երկրորդ դրվագի, նոր հաղորդման և հայցի մասին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտում» դատախազությունը խենթադրյալ խախտումներ է գտել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում։

Դատախազության տվյալներով՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն «Արարատցեմենտի» աշխատակցի օժանդակությամբ 2009-ին ձևական աճուրդներով ընկերությանն է օտարել համայնքային արոտավայր հանդիսացող 74,1 հա հողատարածքներ։

Դատախազը մայիսի 27-ին երկրորդ հաղորդումն է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Նույն օրը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացվել Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2009-ի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Մայիսի 20-ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտնել էր «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու մասին։ ԱԺ քարոզարշավին մասնակցող Ծառուկյանն, արձագանքելով, նշել էր, որ տեղյակ է իշխանության նպատակների մասին, սակայն ունեցվածքը կորցնելուց չի վախենում։ ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացի գործընթացի նախընտրական բնույթից, իշխանությունն այս քայլով կատարում է ադրբեջանական ցեմենտ ՀՀ ներմուծելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը։

Հայտնաբերված այլ ենթադրյալ այլ խախտումների մասին դատախազությունը հայտնել էր մայիսի 20-ին։ Այդ խախտումների մասով նույնպես դատախազությունը հաղորդում էր ներկայացրել, ինչի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել։

Leave a Comment