ԶՈւ-ում ավելի քան 200 զինվորական քաղաքական պատճառով ազատվել է աշխատանքից. ԶԼՄ

Զինված ուժերում վերջին ամիսներին ոչ իշխանական քաղաքական հայացքների համար ավելի քան 200 զինվորական է ազատվել աշխատանքից, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Նրանց, ըստ թերթի, անսպասելիորեն հայտնել են, որ իրենց ծառայությունը շարունակելու նպատակահարմարություն չկա։

Բացի այդ, թերթի տեղեկություններով, ԶՈւ-ում իշխանության օգտին քարոզչություն է տարվում զորամասերի հրամանատարների կամ այդ պարտականությունը կատարող այլ զինվորականների կողմից։

Ընտրություններից առաջ ԶՈւ-ին քաղաքական գործընթացներին ներգրավման մասին մամուլը նախկինում ևս գրել էր։ «Հրապարակ» օրաթերթը մայիսի 19-ի հրապարակման մեջ գրել էր, որ բանակում ցուցակագրում են զինծառայողներին՝ ընտրություններին նրանց ընտանիքի անդամների մասնակցությունն ստուգելու համար, իսկ մարտի վերջին էլ գրել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պահանջով արցախցի զինվորականներին պարտադրում են մինչև ընտրություններ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։

Այս հրապարակումների առնչությամբ Armenia Today-ը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն գերատեսչությունից պատասխաններ չեն ստացվել։

Leave a Comment