
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգթոնի միջև հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցում։ Այս մասին նա հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հեռախոսազրույցում։
Ղալիբաֆի խոսքով՝ Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանում իսրայելական հարվածների դադարեցմանը: «Վերջին երկու օրերի ընթացքում մենք լրջորեն զբաղվել ենք Իսրայելի հարձակումները դադարեցնելու հարցով, բայց եթե այս հանցագործությունները շարունակվեն, մենք ոչ միայն կդադարեցնենք բանակցային գործընթացը, այլև միջոցներ կձեռնարկենք սիոնիստական ռեժիմի դեմ»,- ասել է Ղալիբաֆը: Այս մասին հայտնում է Ղալիբաֆի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները դադարեցվել են Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների պատճառով։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են «արագ տեմպերով»: