Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց մեկնարկել է անժամկետ նստացույց՝ ի պաշտպանություն կալանավորված Արթուր Օսիպյանի։ Նախաձեռնության հեղինակ Գեղամ Օհանյանը հայտարարում է, որ ակցիան քաղաքացիական բնույթ ունի և նպատակ ունի ուշադրություն հրավիրել Օսիպյանի գործի և նրա հացադուլի վրա։
Օհանյանի խոսքով՝ նստացույցի անցկացման վայրը պատահական չէ ընտրված։ Նա նշում է, որ նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող պաշտոնատար անձ, պետք է տեղեկացված լինի ներկայացվող մտահոգությունների մասին։
Արթուր Օսիպյանը կալանավորվել է մայիսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։ Քննչական մարմինների հաղորդմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածներով։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանքը։
Օսիպյանի պաշտպանական կողմը և նրան աջակցող քաղաքացիները պնդում են, որ գործը կապված է նրա արտահայտած տեսակետների հետ։ Նրանց փոխանցմամբ՝ Օսիպյանը կալանքի տակ հացադուլ է հայտարարել։