«Radar-Զրույցի» այսօրվա հյուրն է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչով է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը տարբերվում մյուս ընդդիմադիր և իշխանական ուժերից՝ Պետրոսյանը նշեց.
«Մենք որևիցե կապ և աղերս չունենք ո՛չ ներկա և ո՛չ էլ նախկին իշխանությունների, ինչպես նաև որևիցե արտաքին քաղաքական բևեռի հետ, և զերծ ենք բոլոր այդ ուժերի հետ թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական և թե՛ գաղափարական կապանքներից։ Մենք առաջ ենք քաշում հասարակության վերակառուցման՝ գաղափարապես նոր, հիմնավորված մոտեցում, պետականաշինության ու ընդհանրապես ապագայի տեսական-ռազմավարական հայեցակարգ, ինչպես նաև քաղաքական համակարգի ճգնաժամի հաղթահարման, վերաիմաստավորման ու վերաարժևորման ամբողջությամբ նոր և, ամենակարևորը, գիտական, պատմական ու գործնական հիմնավորումներով մոտեցումներ»։
Անդրադառնալով հաջողության հասնելու հնարավորություններին՝ Պետրոսյանը նշեց, որ համոզված է՝ հաջողություն կլինի.
«Շանսերը գնահատելն ավելի շատ գուշակություն կլինի, որովհետև շանս տվողն ու վերցնողը, բնականաբար, ժողովուրդն է, և մինչև վերջին օրը, վերջին րոպեն մեծ նշանակություն ունի, թե ինչ որոշում կկայացնի ժողովուրդը: Իսկ դա պայմանավորված է բացառապես մեր քարոզարշավով և, ընդհանրապես, հասարակության հետ հաղորդակցության ձևով ու բովանդակությամբ»։
Խոսելով որևէ ընդդիմադիր ուժի հետ դաշինք կամ համագործակցություն կազմելու մասին՝ Պետրոսյանը նշեց, որ երբեք չեն համագործակցի այնպիսի ուժերի հետ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են նախկին կամ ներկա համակարգերին:
Մանրամասները՝ տեսանյութում
